Հանրագիտարան

Ալմաստ

Ալմաստն ածխածնի բնական տարաձևություններից է: Այն չմշակված ադամանդն է: Բնական ալմաստները նման են անփայլ ապակու գնդիկների:

 

Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ:
 
Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն: Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները:
 
Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորով՝ կարատով: 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905թ.-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր:
 
Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է: XVII դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր: 2007թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով:
 
Տեխնիկական ալմաստները բացառիկ կարծրության շնորհիվ օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը:
 
1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով: 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկայության, թթվածնի բացակայության և 3000C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից):
 
Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: