Առողջապահություն

Եղինջ

Հայկական տարանունները`   աղինճ, աղկեպ, անճիրե, բանջար, եղիճ, կճան, կճանխոտ, մրմնջուկ, դաղդղան: Բույսն աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատերի մոտ։

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։ Եղինջը՝ որպես դեղաբույս, հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերն օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի և շնչուղիների բորբոքումների ժամանակ՝ հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։

 

Օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը, գարեջրի հետ խառնած, օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով։

 

Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։ Եղինջի եփուկի պարբերաբար օգտագործումն զգալիորեն բարելավում է շաքարախտով հիվանդների վիճակը։ Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, տերևները թթու են դնում։

 

Բույսը սննդարարությամբ չի զիջում լոբազգիներին։ Թարմ ընձյուղներն ուտում են նաև դրանց վրա աղ լցնելուց ու թեթևակի տրորելուց հետո։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից կանաչ, իսկ կոճղարմատից`   դեղին ներկ։

Հեղինակ`   Արշավիր Թորոսյան, բուսաբույժ, բ.գ.դ.

Սկզբնաղբյուր`   «Հայաստանի դեղաբույսերը»

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: