Հանրագիտարան

Աշխարհի ամենաբարձր կենդանին

Ընձուղտը երկսմբակավոր կարգի ընձուղտանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի է: Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին:

6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի: Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են: Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ: Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով: 

 

Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են: Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով: Ունենում են 1 ձագ: Ապրում են Աֆրիկայի սավաննաներում՝ 12-15 (երբեմն մինչև 70) կենդանիներից բաղկացած հոտերով:
 
Ընձուղտի միսն ուտում են, իսկ մաշկն օգտագործվում է զանազան արտադրությունների մեջ: Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են: Մոտ 100 տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվել է մի անսովոր կենդանի:
 
Տեղացիները նրան օկապի են անվանել: Պարզվել է, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է: Ունի կարճ պարանոց ու ոտքեր, նուրբ մետաքսանման մազածածկ, ոտքերին սև ու սպիտակ զոլեր: Ականջները մեծ են, լսողությունը՝ սուր: Օկապիներն ապրում են միայնակ կամ զույգերով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: