Հանրագիտարան

Աշխարհի ամենահին կոշիկը

Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ:

Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է, համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։ 

 

Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը լցրել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձևը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
 
Հայկական կոշիկը պատրաստված է կովի կաշվի ամբողջական կտորից, որը հետևի և առջևի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, և հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող էր հեշտությամբ պատառոտվել։
 
Հայկական կոշիկին շատ նման կաշվե կոշիկներ՝ «փամփութի» անվամբ, մինչև 1950-ական թվականները գործածվել են Իռլանդիայից արևմուտք ընկած Արան կղզիներում։ Նույն կառուցվածքով ոտնամաններ են հայտնաբերվել նաև Եվրոպայի տարբեր շրջաններում։
 
Կոշիկը տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան։ Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում: Այն, սակայն, բուսական նյութից է պատրաստաված եղել։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: