Հանրագիտարան

Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետությունը (իսպաներեն՝ República Dominicana), կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հաիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա:

 

Դոմինիկյան Հանրապետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Հայիթի կղզու արևելյան մասում: Մակերևույթը լեռնային է: Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը`   3175 մ՝ Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները: Կան բոքսիտների, նիկելի, ոսկու, երկաթի պաշարներ:
Կլիման արևադարձային է: Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը: Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ: Լճերից նշանավոր է Էնրիկիլիոն: Տարածքի անտառներն իրենց տեղը զիջել են մշակովի հողատարածքներին:
 
Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր: 1492 թ-ին Ք. Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա`   իր հայրենի Իսպանիայի անունով: XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) իսպանական Սանտո Դոմինգո գաղութն էր (1496 թ-ին այստեղ հիմնված քաղաքի անունով): Անկախություն է ձեռք բերել 1865 թ-ին:
Երկրի բնակչության 70%-ը մուլատներ են, իշխող կրոնը՝ կաթոլիկությունը: Խոշոր քաղաքներն են Սանտո Դոմինգոն և Սանտյագոն:
 
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են:
Արդյունահանում են բոքսիտ, նիկել: Առավել զարգացած է սննդի, հիմնականում շաքարի արդյունաբերությունը: Կան փայտասղոցման, կահույքի, տեքստիլ, քիմիական ձեռնարկություններ: Արտահանության համար մշակում են շաքարեղեգ, սուրճ, կակաո, ծխախոտ, ադամաթուզ, ներքին սպառման համար՝ բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ և այլն: Անհրաժեշտ պարենամթերքը, սարքավորումները, մեքենաները, դեղորայքը ներմուծվում են: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: