Առողջապահություն

Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության համախտանիշի իմունաբանական, նյարդաբանական պատճառները և առայժմ ոչ այնքան արդյունավետ: Հոգեբաններն էլ առաջ են քաշում իրենց տեսությունը՝ այս հիվանդության մեղավորն ինֆորմացիայով գերլցված աշխարհում ապրող մարդկանց արձագանքն է սթրեսին: Նրանք առաջ են քաշել կենսական մի քանի խնդիր, որոնք քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառ կարող են լինել:

Քրոնիկական հոգնածության համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմում խախտվում է արտաքին միջավայրից ստացված ազդակների և դրանց հանդեպ մեր ռեակցիայի հավասարակշռությունը: Քրոնիկական հոգնածության համախտանիշը հաճախ լինում է տնային տնտեսուհիների կամ միապաղաղ, միակերպ աշխատանք ունեցող մարդկանց մոտ. նրանց մոտ նյարդային համակարգի խթանումը բավարար չափով չի լինում:  

 
Չափավոր քանակությամբ սթրեսը բարենպաստ է առողջության համար, այն օրգանիզմին հնարավորություն է տալիս կենտրոնացնել ուժերը, որպեսզի կարողանա ճիշտ արձագանքել արտաքին միջավայրի ազդակներին և պաշտպանվել:  
 
Երբ այդ ազդակները քիչ են լինում, օրգանիզմն սկսում է «հանձնվել»: Նույնը տեղի է ունենում, երբ ազդակները շատ ակտիվ են լինում: Խիստ ակտիվ ազդակների օրինակներն ամենուր են և տառացիորեն բազմանում են հասարակության մեջ: Այսպիսով, քրոնիկական հոգնածության համախտանիշը դառնում է ծրագրավորված հիվանդություն:  
 
Պետք է ձգտել առավել դրական զգացողությունների վրա կենտրոնանալ՝ հիանալ բնությամբ, սիրելի մարդու արարքներով, արվեստի գործերով: Հիշեք, որ նույնիսկ ամենահաջողակ մարդն իրենից ավելի վեր կանգնածին նախանձելու առիթներ ունի: 
 
Քչով չբավարարվելու ցանկությունը երբեմն էներգիայի կորստի պատճառ կարող է լինել: Դրան կարող է նպաստել այնպիսի ցանկությունը, ինչպիսին ինքնառեալիզացիան է: Մեր ժամանակներում նորաձև է դարձել պնդել, թե մարդու հնարավորություններն անսահամանափակ են: Դա այդպես չէ. «գլխից վերև թռչել» կարող են միայն որոշ մարդիկ այն էլ վիթխարի ջանքեր գործադրելուց հետո, որի պատճառով հաճախ կորցնում են այն, ինչ ձեռք էին բերել նախորդ «աստիճանում»: 
 
Սովորեք ուրախանալ այն ամենով, ինչ ունեք: Հիշեք՝ ամեն մի հաղթանակի մեջ պարտության բաժինը կա, իսկ ամեն մի պարտություն դրական կենսափորձ է ապահովում: Ծառայողական սանդղակով վեր չբարձրացած մարդը կարող է ավելի շատ վայելել ազատության հաճույքը, հանգստանալ պատասխանատվության լարվածությունից: 
 
Հեղինակ`   Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: