Հանրագիտարան

Ավտոմեքենայի գյուտը

Ավտոմեքենան ( հին հուն.՝ αὐτο - ինքնուրույն և լատ.՝ mobilis - շարժվող) ինքնագնաց տրանսպորտային միջոց է, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար: Ավտոմեքենան լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի: Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր առանց ձիերի:

18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769թ.-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի՝ որպես տրանսպորտի միջոցի լայն օգտագործումն սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.) հետո:

 

Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կարլ Բենցը 1885թ.: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցն ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա: Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները ծածկ չունեին: 
 
Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ.-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:
 
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18թթ.): 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարների համար կիրառվում են մինչ օրս:
 
1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ:
 
1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: