Հանրագիտարան

Ռադիո

Ռադիոն (լատ.՝ radio - ճառագայթում եմ, radius - ճառագայթ) ոչ լարային կապի տարատեսակ է, որի կիրառման ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները:

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895թ.-ին 1,5 կմ հեռավորության վրա: Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին: Այդ նույն թվականին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը:

 

1901թ.-ին Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով ռադիոհաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): 1920թ.-ին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները:

 

Տարբեր ռադիոկայաններ ռադիոհաղորդումները վարում են տարբեր հաճախություններով, որոնք չափվում են Հերցերով: Այդ հաճախությունները գրվում են ռադիոընդունիչի համալարման սանդղակի վրա: Ռադիոն հնարավորություն է տալիս լսել հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը:
 
Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի`   էլեկտրական ազդանշանների: Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ ալեցիրով սփռում է տարածության մեջ բոլոր ուղղություներով:
 
Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և' մթնոլորտում, և' անօդ տարածության մեջ: Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողություններ, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյունների:
 
Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն): Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է. մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: