Առողջապահություն

Վաղ գարնանային բանջարեղեն

Գարնանը բոլորին անհանգստացնում է վիտամինային անբավարարության նկատմամբ մտավախությունը, որի պատճառով մարդիկ շտապում են դեղատուն`   գնելու վիտամինների ու հանքային նյութերի հերթական հաբերը:

 

Մինչդեռ մոռանում են, որ օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահանջը կարելի է լրացնել բնության բարիքների`   վաղ գարնանային թարմ, էկոլոգիապես մաքուր ուտելի խոտաբույսերի, բանջարեղենի, մրգերի միջոցով: Վաղ գարնանային տերևային բանջարեղեններից թարխունի, կոտեմի, հազարի, կանաչ սոխի օգտակարության մասին ներկայացնում են Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտներ Կարինե Դումանյանը և Ելենա Մելիքյանը:

 

Կանաչ սոխ - Allium

 

Գիտնականները սոխի հայրենիքը համարում են Իրանը þ Աֆղանստանը: Կանաչ սոխը (կամ այլ կերպ`   աղցանային սոխ) աճեցրել են դեռևս հազարամյակներ առաջ: Սոխի բուժիչ հատկությունների մասին գիտեին շատ ազգեր. հին հռոմեացիները նույնիսկ համարում էին, որ սոխը զինվորներին ուժ և կորով է տալիս, այդ իսկ պատճառով էլ այն ընդգրկում էին նրանց սննդակարգի մեջ: 

 

Կանաչ սոխը պարունակում է 93% ջուր, 1,3% սպիտակուցներ, 4,7% ածխաջրեր, 0,8 % բջջանյութ, 0,6% պեկտիններ, 0,2% օրգանական թթուներ, գլիկոզիդներ, եթերային յուղ (վերջինս պարունակում է ծծմբային միացություններ), որով և պայմանավորված է սոխի յուրահատուկ հոտը, կծու համը: Կանաչ սոխը չափազանց հարուստ է հանքային տարրերով (հատկապես`   K, Ca, Mg, Na, P, Fe, Co, Mn, Cu, Zn, Mb), կարոտիններով (մինչև 2 մգ% կարոտին), B2, PP, C (30 մգ%) վիտամիններով:

 

Հայտնի արաբ բժշկապետ Ավիցեննան (Իբն Սինա) XI դարում գրել է. «Ուտելի սոխը օգնում է վատ ջրի վնասից, և եթե նրա մեջ գցես մաքրած սոխ, ապա այն կոչնչացնի վատ հոտը: Սոխի հյութը մեղրի հետ օգտակար է աչքի փառին, օգնում է անգինային: ...իր դառնության շնորհիվ օգնում է թույլ ստամոքսին և բացում է ախորժակը»:

 

 Հիպոկրատն իր աշխատություններում կանաչ սոխը որպես դարմանող միջոց խորհուրդ է տալիս ռևմատիզմով, պոդագրայով, ճարպակալումով տառապող հիվանդներին: 

 

Ժամանակակիցները պնդում են, որ 1805թ. Ռուսաստանում որովայնային տիֆի համաճարակի ժամանակ թե´ տիֆից, և թե´ ժանտախտից պաշտպանվելու նպատակով օգտագործում էին մեծ քանակությամբ սոխ: 

 

Գիտնականները նկատել են, որ ջերմոցների աշխատողները, որոնք զբաղվում են կանաչ սոխի մշակմամբ, գրեթե չեն հիվանդանում վարակիչ, մրսածության հետ կապված հիվանդություններով:

 

Ինչպես տեսնում ենք, կանաչ սոխը չափազանց հարուստ է վիտամիններով (ինչը չէինք ասի սոխուկի մասին), որով կանխվում է գարնանային ավիտամինոզը: Վիտամին C-ն պահպանելու նպատակով ցանկալի է կանաչ սոխը մատուցել առանց կտրատելու և առանց ջերմային մշակման: Իսկ վաղ գարնանը այդ վիտամինի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարելու նպատակով բավական է օրվա ընթացքում ուտել 100-150 գ կանաչ սոխ: Չմոռանանք, որ 100 գ կանաչ սոխը պարունակում է 19 կկալ: 

 

Սոխի մեջ կան նաև զգալի քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացմանը: Սոխը բերանի խոռոչը մաքրում է ախտածին մանրէներից: Խորհուրդ է տրվում այն օգտագործել բուսայուղի հետ: 

 

Կանաչ սոխը ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն արյան հիվանդություններ, սակայն պետք է զգույշ լինել լյարդի, ստամոքսի և աղիքների հիվանդությունների դեպքում: Դա բացատրվում է նրանով, որ սոխի կազմության մեջ մտնում է դժվար յուրացվող բջջանյութ, որը գրգռում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթը: Նման դեպքում բուսաբույժները խորհուրդ են տալիս օրվա մեջ օգտագործել 2-3 ընձյուղիկից ոչ ավելի: 

 

Ամենօրյա սննդակարգի մեջ թարմ կանաչ սոխի օգտագործումը նպաստում է օրգանիզմում աղաջրային փոխանակության կանոնավորմանը: Բացի այդ, այն իր յուրատիպ համի և հոտի շնորհիվ գրգռում է ախորժակը և լավացնում մարսողությունը: Գիտական Ժամանակակից բուսաբուժության մեջ սոխի պատրաստուկները հաջողությամբ օգտագործում են վիտամինային անբավարարության, վերին շնչուղիների և աղիքների հիվանդությունների ժամանակ: Վերջինիս դեպքում խորհուրդ են տրվում կանաչ սոխի սպիրտային կամ ջրային հանուկները, իսկ վերին շնչուղիների բորբոքային երևույթների դեպքում`   եթերայուղային գոլորշիներով ինհալացիաները: 

 

Մանկահասակ երեխաներին ինհալացիաները հակացուցված են: 

 

Բուսաբույժները միաժամանակ նշում են, որ թարմ կանաչ սոխը օգտակար է շաքարային դիաբետի և միզաքարային հիվանդության ժամանակ: Վերջինիս դեպքում այն թողնում է ավազը և մանր քարերը տարրալուծող ազդեցություն: Կանաչ սոխը խորհուրդ է տրվում նաև որպես հակաճիճվային միջոց. թարմ կանաչ սոխն ուտում են քաղցած վիճակում, կամ 2-3 օրվա ընթացքում խմում նախապես պատրաստված 1/3 բաժակ ջրաթուրմը (1 ճաշի գդալ մանրացված կանաչ սոխը 7-10 րոպե թրմել ջրային բաղնիքի վրա`   200 գ եռացրած ջրում): 

 

Աթերոսկլերոզի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են մեղրի հետ հավասարաչափ խառնած թարմ սոխի հյութը, խմում մեկական ճաշի գդալ, օրը 3-4 անգամ:

 

Ժողովրդական բժշկության մեջ վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում հաջողությամբ օգտագործվում է նաև տապակած կամ կաթի մեջ եփած սոխը, որը փափկեցնում է խորխը և հեշտացնում դուրս բերումը:

 

Կոտեմ (նվարդակ, աղպակոտեմ, թառա) - Lepidium sativum 

 

Հայրենիքը Իրանն է: Վայրի վիճակում հանդիպում է Աֆրիկայում, Ասիայում: 

 

Որպես սննդային և դեղագործական նշանակության բույս, կոտեմը հայտնի է եղել դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում: Բույսի տրորած սերմերից և տերևներից պատրաստված քսուքը ճարպի հետ միասին օգտագործվել է ալերգիաների, քոսի, ինչպես նաև վերքերի բուժման նպատակով:

 

Կոտեմը նպաստում է մարսողությանը, ախորժակի լավացմանը, արյան ճնշման կարգավորմանը: Ցուցաբերում է նաև հակամանրէային, հակաբորբոքային, լեղամուղ և միզամուղ ազդեցություն:

 

Ժողովրդական բժշկության մեջ կոտեմի թարմ հյութը խմելու և ողողումների ձևով խորհուրդ է տրվում հազի ժամանակ, իսկ չհասունացած սերմերը և դրանցից պատրաստված սպիրտային ոգեթուրմն առաջարկվում է տղամարդու պոտենցիայի բարձրացման նպատակով:

 

Թարմ տերևները հարուստ են հանքային նյութերով`   K, Ca, P, Mg, Cu և այլն: Պարունակում է C, B խմբի վիտամիններ, կարոտիններ, ռուտին, ռիբոֆլավին, մանանեխի եթերային յուղ, դալար ընձյուղները և թարմ տերևներն ունեն բողկ և ծովաբողկ հիշեցնող բարկ, դառը, կծու համ: 100 գ կոտեմի սննդային արժեքը 32 կկալ է:

 

Կոտեմը օգտագործում են ֆուրունկուլների, մաշկային պզուկների, կորյակների, թեփի, քոսի ժամանակ: Վերջինիս դեպքում խորհուրդ է տրվում կոտեմից պատրաստված ջրաթուրմը (100 գ կանաչ զանգվածը թրմել 0,5 լ ջրում): Կոտեմի պարբերաբար օգտագործման դեպքում նվազում է մի շարք հիվանդությունների`   մասնավորապես, սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Կոտեմը հակացուցված է գաստրիտի, դուոդենիտի և կոլիտի ժամանակ:

 

Թարխուն (տարղոն) - Artemisia dracunculus

 

Լատիներեն Astemisia անվանումը ծագել է հունարեն artemes բառից, որը թարգմանաբար նշանակում է առողջ, իսկ dracunculus անվանումը`   փոքր վիշապ, թե տերևները և թե արմատները նման են վիշապի լեզվին: 

 

Թարխունի վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղ, որը հիմնականում կազմված է էստրագոնից (ֆրանսերեն`   Estragօn-փոքր հրեշ, արաբերեն`   Tarkhun), տերպեններից, ալդեհիդներից, ինչպես նաև`   դաբաղային նյութերից, դառնանյութերից, խեժերից և այլն:

 

Սննդի մեջ օգտագործում են թարխունի երիտասարդ ցողունն ու տերևները, որոնք հավաքում են մինչև բույսի ծաղկելը: Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Թարխունը լայնորեն օգտագործվում է արաբական և կովկասյան խոհանոցներում: Այսպես, օրինակ`   հայերը գտնում են, որ ձկնեղենն առանց թարխունի հնարավոր չէ պատկերացնել: Թարխունի եթերայուղից ստացվող քացախն օգտագործում են պահածոների, մսից, ձկից, բանջարեղենից, պանրից պատրաստվող ուտեստներում: Թարխունն օգտակար է նաև զովացուցիչ ըմպելիքների և լիկյորների պատրաստման համար: 

 

Որպես բուժիչ միջոց, թարխունը օգտագործել են դեռևս հին ժամանակներից: 

 

Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ և անոթներն ամրացնող, մարսողությունը բարելավող և ստամոքսահյութի արտադրությունը խթանող հատկություն:

 

Հազար (մարոլ, կաթնուկ) - Lactuca sativa

 

Հազարը աճեցրել են հին հույները, հռոմեացիները, եգիպտացիները, որտեղից էլ այն տարածվել է այլ երկրներ: Հայտնի են հազարի շատ տեսակներ, որոնք նույնիսկ տարբերվում են ձևով, չափով և տերևների գույնով: 

 

Հազարի տերևները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամին և կարոտիններ: Ընդ որում, ստորին տերևներում C վիտամինն ավելի է, քան արտաքին տերևներում, իսկ կարոտինի քանակը`   ընդհակառակը, նույնիսկ արտաքին տերևներում 30 անգամ ավելի շատ է, հետևաբար սննդի մեջ պետք է օգտագործել նաև արտաքին կանաչ տերևները: Ունենալով նման քիմիական կազմ, հազարի կալորիականությունն այնուամենայնիվ ցածր է: 100 գ հազարի էներգետիկ արժեքը 15 կկալ է:

 

Հազարը արժեքավոր դիետիկ բույս է: Այն շատ կարևոր է թե´ մեծերի, և թե´ երեխաների համար: Որպես բջջանյութի լավագույն աղբյուր, հազարը խորհուրդ է տրվում մարսողական խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման և աթերոսկլերոզի ժամանակ: Այն չափազանց կարևոր է միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում, քանի որ կարգավորում է աղաջրային բալանսը, նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկների հեռացմանը: Հազարը խորհուրդ չի տրվում սուր և քրոնիկական կոլիտների, էնտերոկոլիտների, պոդագրայի և միզաքարային հիվանդության ժամանակ:

 

Հազարն անվանում են վիտամինների շտեմարան, քանի որ տերևները պարունակում են B, PP, K, E խմբի վիտամիններ, հանքային աղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև սպիտակուցներ, շաքարներ, բջջանյութ, ֆոլաթթու, միկրոտարրեր`   Cu, B, Ba, Sr, Cr, Br և այլն:

 


Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: