Առողջապահություն

Վախ. ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ՝ շատերը վախենում են սարդերից ու մկներից, շատերն իրենց աշխատանքը կորցնելուց, շատերն էլ մթությունից կամ փակ տարածքից:
Մենք չենք կարող լիովին ազատվել վախի զգացումից: Հենց այդ զգացումն է ամենաուժեղ գործոններից մեկը, որը խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և հաջողությունների հասնել: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Ով նախազգուշացված է, նա զինված է: 
 
Վախի կենսաբանական նշանակությունը
 
Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում, և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին  ու սննդարար նյութեր է ստանում:
 
Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում է» դեպի մկանները: 
 
Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը՝ ամեն մարդ իր նոր հնարավորություններն  է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից: 
 
Ինչպիսին է լինում վախը
 
Իրական վախ - մարդու ռեակցիան է արտաքին վտանգի հանդեպ: Այդ վախը կա յուրաքանչյուրի մոտ ենթագիտակցական մակարդակում և այն ազդանշանային գործառույթ ունի. վտանգը շատ մոտ է, հարկ է կենտրոնացնել օրգանիզմի պահեստային ուժերը, պաշտպանության պատրաստ լինելու համար:
 
Նյարդային վախ - հաճախ լինում է առանց որևէ պատճառի, բայց երբեմն դրա դրսևորումը կախած է լինում որոշակի իրավիճակից և օբյեկտից: Նյարդային վախ ունեցող մարդիկ միշտ սպասում են ամենավատ բանին և ապրում են ցանկացած պահի դժբախտության մշտական սպասումով:
 
Նյարդային վախը հոգեսոմատիկ ախտընթաց է, այսինքն՝ միաժամանակ և´ ֆիզիկական է, և´ հոգեբանական: Վախի ֆիզիկական դրսևորումը կարող է արտահայտվել ուժեղ սրտխփոցով, շարժողական անհանգստությամբ կամ դողով, սառը քրտինքով, բերանում չորության զգացումով, լուծով: 
 
Տարբեր ֆոբիաներ - ֆոբիան անիրական վախն է, որը շատ խիստ խանգարում է բնականոն ապրելուն, աշխատելուն, մարդկանց հետ շփվելուն: Ցանկացած վախ կարող էպայմանավորված լինել որոշակի օբյեկտով կամ իրավիճակտով:
 
Տարբեր ֆոբիաները սովորական վախերից տարբերվում են ոչ թե իմաստով, այլ ինտենսիվությամբ: Եթե մարդը, որ տառապում է ինչ-որ մի ֆոբիայով, իր վախի առարկային հազվադեպ է հանդիպում, ապա այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Բայց եթե վախի պատճառը հաճախ է հանդիպում, ապա այն կարող է կյանքը փչացնել:  
 
Մենության վախ - որքան մարդը շատ է ինքնամփոփ դառնում և մարդկանցից հեռու մնում, այնքան շատ է նա իրեն դատապարտում մեկուսացման վտանգին: Դա վախի շատ տարածված տեսակն է, որը մարդուն ստիպում է նույնիսկ երբեմն շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նրա համար տհաճ են:
 
Հասկանալի է, որ մարդը երբեմն ցանկանում է միայնակ մնալ և հանգստանալ շրջակա իրարանցումից: Բայց, եթե առանձնացումը երկար է տևում, մարդուն սկսում է պարուրել վախը, թե նա այս աշխարհում արդեն ոչ ոքի պետք չէ: Մարդն ինքնին սոցիալական էակ է և ցանկանում է սիրված, գնահատված լինել, որպեսզի իրեն հասարակության լիիրավ անդամ զգա: 
 
Վստահության վախ - եթե մարդն ինչ-որ մեկի առջև բացում է իր հոգին, այնուամենայնիվ, ներքուստ անհանգստանում է.«Իսկ ես ճի՞շտ եմ վարվում, որ այս մարդուն վստահում եմ: Իսկ նրան հավատալ կարելի՞ է»: Այս նույն վախը պարուրում է մարդուն, երբ նա սիրահարվում է կամ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ համակրանք է զգում:  
 
Փոփոխությունների վախը - ցանկացած մարդ էլ գիտի, որ այս աշխարհում ոչ մի բան անփոփոխ չէ, ամեն ինչ էլ վաղ թե ուշ փոխվում է: Եվ բոլորն էլ, առանց բացառության, վախենում են փոփոխություններից, որովհետև ցանկացած փոփոխություն սպառնում է իր անհայտությամբ:
 
Շատ հաճախ մարդիկ ամեն տեսակի նորույթ որոշակի վերապահությամբ են ընդունում, քանի որ դրա մեջ որոշակի վտանգ ու սպառնալիք են տեսնում: Երբեմն հայտնի չի լինում, թե ինչ կբերի իր հետ փոփոխությունը, որտեղ կարող է թաքնված լինել վտանգը և, ամենակարևորը, ինչպես հարկ կլինի պաշտպանվել դրանից: 
 
Կախվածության վախ - ապրելով հասարակության մեջ՝ մարդը կախված է լինում նրա օրենքներից, դրույթներից, ավանդույթներից: Որքան շատ է նա ցանկանում ազատվել հասարակության «լծից», այնքան սուր կերպով է ընկալում, որ դա անհնարին է:
 
Քանի որ ապրելակերպը կախված է շրջակա միջավայրից, տարբեր հանգամանքներից, ի վերջո, այլ մարդկանցից, մարդը մշտապես ապրում է այն վախով, թե պետք է «ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին», իսկ եթե նա դա չի ցանկանում, ապա սկսվում է ներքին պայքարը:  
 
Ինչպես հաղթահարել վախը
 
Վախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը: Վախի դեմ ամենակարևոր դեղորայքը բարձր ինքնագնահատականն է և ինքնավստահությունը:
 
Որոշ մարդկանց մոտ անհանգստության զգացում է լինում, քանի որ նրանք անընդհատ տհաճություննների են սպասում, իսկ դա պայմանավորված է արժեքների սխալ համակարգով և սեփական անձի հանդեպ բարձր պահանջկոտությամբ:
 
Առաջին քայլ՝  հարկ է որքան հնարավոր  է հստակ տարբերակել, թե հատկապես ինչից եք վախենում և ինչու: Եթե դա անմիջապես չի ստացվում, պետք է չէ ինքնախարազանմամբ զբաղվել: Աշխատեք հասկանալ, որ դա ժամանակավոր դժվարություն է: Երբեք շրջապատի մարդկանց ուշադրությունը ձեր սխալների վրա մի հրավիրեք: 
 
Երկրորդ քայլ՝ հարկ է ազատվել այն մտքից, թե անհաջողակ եք: Եթե մշտապես նման կերպ մտածեք, ապա այդպես կլինի իրական կյանքում: Չէ որ մտքերը նյութական են:  
 
Երրորդ քայլ՝ աշխատեք չշփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մշտապես վախեցնում են կամ պատմում են իրենց վախերի ու անհաջողությունների մասին: Ուրիշի վախերը վարակիչ են: Նման մարդկանց հետ շփվելը տրամադրությունը վատացնում է:  
 
Չորրորդ քայլ՝ եթե վախենում եք հարազատ մարդու կամ ղեկավարության հետ սպասվելիք լուրջ խոսակցությունից, ապա աշխատեք այդ զրույցը նախապես մտովի անցկացնել այնպես, ինչպես ձեր հարմար է: Հետո պատկերացրեք, որ իրավիճակը զարգանալու է ըստ ձեր սցենարի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը և նվազագույնի կհասցնի չհիմնավորված վախը: 
 
Հինգերորդ քայլ՝ ձեր վախերից ուրախ-զվարթ բաժանվեք: Ուրախ ներկայացումներ դիտելու գնացեք, հաճախ կատակերգություններ դիտեք, երգիծական գրքեր կարդացեք և շփվեք դրական տրամադրված մարդկանց հետ: Այդ ամենը կօգնի ձեր խնդիրներին նայել ոչ թե ողբերգության, այլ կատակերգության տեսանկյունից: Հիշեք՝ լավատեսներն առավել հաջողակ ու երջանիկ են, քան մռայլ ու հումորի զգացումից զուրկ մարդիկ: 
 
Չի կարելի վախի հետևից գնալ այնպես, կարծես կառափնարան գնալու լինեք: Ցանկացած վախ շատ վատ խորհրդատու է: Եթե դուք չափազանց զգույշ եք, ապա իմացեք, որ դա անհաջողության թաքնված վախն է: Մի վախեցեք, համարձակ եղեք, այլապես հաջողության չեք հասնի:
 
Հեղինակ՝ Մարո Գաբրիելյան 
Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: