Հանրագիտարան

Մեծ քսանյակ

G20-ը Քսանի խումբը (պաշտոնապես`   անգլ.՝ Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors) 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է:

G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը:
Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով: Մինչ 2008 թ. խումբը չեր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով:
Ստեղծվել է ի պատասխան 1990-ական թթ. ֆինանսական ճգնաժամերին և այն աճող գիտակցությանը, որ զարգացող շուկայական տնտեսությամբ երկրները անհրաժեշտ չափով ներկայացված չեն համաշխարհային տնտեսական քննարկումներում և որոշումների ընդունման մեջ:
 
Կոնֆերանսները
 
Հիմնադիր կոնֆերանսն անցկացվել է 1999 թ. դեկտեմբերի 15—դեկտեմբերի 16 Բեռլինում: Խումբը ստեղծվել է 7 արդյունաբերորեն ամենազարգացած երկրների ֆինանսների նախարարների նախաձեռնությամբ (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, ԳԴՀ, Ֆրանսիա և Ճապոնիա) զարգացող երկրների հետ տնտեսական և ֆինանսական առանցքային հարցերի շուրջ երկխոսության անցկացման նպատակով:
  • G20-ի հակաճգնաժամային գագաթնաժողովն անցկացվել է 2008 թ. նոյեմբերի 14—15-ը Վաշինգտոնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ հարցերի քննարկման համար: Ամենաբարձր մակարդակով հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի նախաձեռնությամբ:
  • G20-ի Լոնդոնյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թ. ապրիլի 2-ին Լոնդոնում: Սա Քսանի խմբի երկրորդ հանդիպումն էր`   նվիրված համաշխարհային տնտեսական ճգնաժամին:
  • G20-ի Պիտսբուրգյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թ. սեպտեմբերի 24—25-ը ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում: Այս գագաթնաժողովից հետո 2009 թ. նոյեմբերի 6-ին Սենտ-Էնդրյուս քաղաքում (Շոտլանդիա) տեղի ունեցավ «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը:
  • G20-ի Տորոնտոյի գագաթնաժողովն անցկացվել է 2010 թ. հունիսի 26—27-ը Տորոնտոյում: Գագաթնաժողովի վերջնական հռչակագրում պետությունները պարտավորվեցին մինչև 2013 թ. կրճատել բյուջեի դեֆիցիտը 2 անգամ:
  • G20-ի Սեուլյան գագաթնաժողովն անցկացվել է 2010 թ. նոյեմբերի 11—12-ը Սեուլում: Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ սեուլյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական պետությունների համար: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն էր ԱՄՆ-ի և Չինաստանի արժութային քաղաքականությունը: Սեուլյան գագաթնաժողովին ներկա էին նաև միջազգային կորպորացիաների տնօրեններ (Մայքրոսոֆթ, HSBC և այլն) :
  • G20-ի Կաննի գագաթնաժողովն անցկացվել է 2011 թ. նոյեմբերի 3—4 -ը Ֆրանսիայի Կանն քաղաքում:
  • G20-ի Մեքսիկյան գագաթնաժողովն անցկացվել է 2012 թ. հունիսի 18—19-ը Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: