Հանրագիտարան

Ռոբերտ Շուման

Ռոբերտ Շումանը գերմանացի երգահան, դիրիժոր, երաժշտական քննադատ, մանկավարժ է: 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ դպրոցի խոշորագույն կոմպոզիտորներից մեկը:

Ռոբերտ Շումանը վաղ տարիքից աչքի է ընկել գեղարվեստական բազմակողմանի ունակություններով, հատկապես`   երաժշտական: 13 տարեկանից ելույթներ է ունեցել որպես դաշնակահար: 1828 թ-ից Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում ուսումնասիրել է իրավաբանություն: Միաժամանակ, Լայպցիգում, որպես դաշնակահար, կատարելագործվել է հայտնի մանկավարժ Ֆրիդրիխ Վիկի ղեկավարությամբ, իսկ 1831–32 թթ-ին աշակերտել է կոմպոզիտոր և դիրիժոր Հայնրիխ Դոռնին : 

 
Շումանն ստեղծել է մեխանիկական սարք՝ մատներն արագ շարժելու վարժանքի համար, սակայն վնասել է աջ ձեռքը և հրաժարվել է պրոֆեսիոնալ դաշնակահար դառնալու մտքից: Նա XIX դարի ամենափայլուն և ինքնատիպ երաժշտական քննադատներից է: 1834 թ-ին Լայպցիգում հիմնել է «Նոր երաժշտական հանդեսը» (խմբագրել է մինչև 1844 թ.) և այն դարձրել գերմանական երաժշտության առաջադիմական ուղղության պարբերական. պայքարել է երաժշտության հակագեղարվեստական միտումների դեմ, աջակցել նոր`   ռոմանտիկական դպրոցի ստեղծմանը: 1841 թ-ից Շումանը կնոջ՝ դաշնակահարուհի Կլարա Վիկի հետ համերգներով շրջագայել է մի շարք երկրներում (Չեխիա, մերձբալթյան երկրներ, Ռուսաստան և այլն): 1843 թ-ին նա որոշ ժամանակ դասավանդել է Լայպցիգի կոնսերվատորիայում: 1844 թ-ից ապրել է Դրեզդենում, 1850 թ-ից՝ Դյուսելդորֆում, որտեղ, ստեղծագործելուն զուգընթաց, ղեկավարել է երգչախմբեր և նվագախումբ: 
1840-ական թվականների վերջից Շումանը տառապել է հոգեկան հիվանդությամբ. կյանքի վերջին 2 տարին անցկացրել է հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է:
 
Շումանի ստեղծագործությունը սերտորեն կապված է գերմանական ժողովրդական-կենցաղային և դասական երաժշտությանը: Նա ընդլայնել է երաժշտական լեզվի և ձևերի շրջանակները: Դաշնամուրային գործերի մեծ մասը սյուժետային հոգեբանական առանցքով միավորված քնարական-դրամատիկական պիեսների շարքեր են: Ուշագրավ են «Կառնավալ», «Թիթեռնիկներ», «Դավիդսբյունդլերներ», «Կրայսլերիանա» և այլ գործեր: Հանրաճանաչ են նաև նրա դաշնամուրային վարիացիաները, կոնցերտը, 3 սոնատները, Դո մաժոր ֆանտազիան (նվիրված է Ֆերենց Լիստին), որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրի նորարական մեկնաբանման ցայտուն օրինակ է: 
Վոկալ ստեղծագործություններում Շումանը, զարգացնելով Ֆրանց Շուբերտի քնարական երգի ավանդույթները, ձգտել է արտահայտել բանաստեղծական տեքստի տրամադրությունների նուրբ փոփոխությունները, խոսքի հնչերանգը, զգալիորեն բարձրացրել է դաշնամուրի նվագակցության դերը: Առավել նշանակալի են Հայնրիխ Հայնեի, Ադելբերտ Շամիսոյի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ջորջ Բայրոնի, Ռոբերտ Բյոռնսի խոսքերով Շումանի գրած «Բանաստեղծի սերը», «Կնոջ սերը և կյանքը», «Մրտենի» և այլ վոկալ շարքեր: Կոմպոզիտորի միակ ավարտուն օպերան «Գենովևան» է: Նրա «Դրախտը և Փերին», «Տեսարաններ Գյոթեի «Ֆաուստից»», «Մանֆրեդ» երաժշտադրամատիկական պատկերներն առանձնանում են թատրոնին և օրատորիային բնորոշ հատկանիշներով: 
 
Շումանի սիմֆոնիաներում («Գարնանային», «Հռենոսյան» և այլն) գերիշխում են երգային, պարային, քնարափիլիսոփայական դրվագները: Հեղինակ է նաև 3 լարային կվարտետների և դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործությունների: Կոմպոզիտորը գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, որտեղ լուսաբանել է դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր, հաստատել նոր՝ ռոմանտիկական ուղղության սկզբունքները: 
Գերմանիայում անցկացվում են դաշնակահարների և վոկալիստների՝ Շումանի անվան միջազգային մրցույթներ (1956 և 1960 թթ-ին՝ Բեռլինում, 1963 թ-ից՝ 3 տարին մեկ՝ Ցվիկաուում):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: