Առողջապահություն

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ են օրգանիզմում նյութափոխանակության խանգարումները և միզատար ուղիներում (երիկամներ, միզածորաններ, միզապարկ, միզուկ) մեզի բաղադրամասերից քարերի առաջացումը: Հիվանդությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդը. միզաքարեր են հայտնաբերվել գրեթե 7000 տարվա պատմություն ունեցող եգիպտական մումիայում:

 

Ապացուցված է, որ հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից են խմելու կոշտ ջուրը և դրանում հանքային աղերի մեծ պարունակությունը: 

 

Միզաքարեր առաջանում են երիկամի պարենխիմայում, միզուղիներում, բաժակներում, ավազանում, միզապարկում, իսկ միզածորաններում և միզուկում`   որոշ հիվանդությունների (գոյացություններ, ուռուցքներ) ժամանակ: Այսպիսով, մեզի կանգը, միզուղիներում ընթացող փոփոխությունները համարվում են հիվանդության առաջացմանը նպաստող գործոններ: Նշենք, որ միզաքարեր կարող են առաջանալ նաև խմելու փափուկ ջրի և միզուղիներում օբստրուկցիայի`   խցանումների բացակայության դեպքում:

 

Մեզը աղերով գերհագեցած լուծույթ է, որում աղերը բյուրեղանալով, վերածվում են մանր քարերի, որոնք կորիզ են դառնում աղերի նստեցման և քարերի մեծացման համար: Քարերի քիմիական կազմը կապված է նրանց առաջացման պատճառների հետ: Միզաթթվի աղերից կարող են գոյանալ միզաթթվային (ուրատային), թրթնջկաթթվի փոխանակության խանգարման դեպքում (օքսալատային, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարման ու միզատար ուղիներում վարակի առկայության ժամանակ)`   ֆոսֆատային քարեր: Լինում են նաև, այսպես կոչված`   խառը քարեր, որոնք կազմված են լինում ցիստինից, կալցիումի ֆոսֆատից և այլն:

 

Հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից է նաև դեղորայքի (կալցիում, D վիտամին պարունակող պատրաստուկներ, ացետազոլամիդ, սուլֆոնամիդներ, օրական 4 գրամից ավելի C վիտամինի օգտագործում և այլն) չարաշահումը:

 

Միզաքարային հիվանդություն առաջանում է նաև A վիտամինի պակասի (հիպովիտամինոզ) կամ ավելցուկի (ավիտամինոզ) դեպքում: Վաղուց հայտնի է նաև, որ միզուղիների տեղային վարակները և վարակական հիվանդությունները ևս դառնում են միզաքարային հիվանդությունների պատճառ: Տեղային բորբոքային պրոցեսի ժամանակ միզուղիներում առաջանում են թարախային մակարդուկներ, որոնք էլ դառնում են կորիզ`   միզային աղերի նստեցման համար: 

 

Օրգանիզմում հանքային աղերի փոխանակությունը կարգավորվում է հարվահանագեղձերի կողմից: Սրանք չորսն են և գտնվում են պարանոցի երկու կողմերում`   վահանագեղձի մոտ:

Այս գեղձերի գերգործառնության դեպքում հանքային աղերի փոխանակությունը խախտվում է, որի հետևանքով դրանք «լվացվում» են ոսկրերից և արտազատվում մեզով: Միզուղիներում տարբեր օտար մարմինների առկայությունը նույնպես կարող է քարերի առաջացման պատճառ դառնալ, օրինակ, ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ օգտագործվող չլուծվող թելերը, զանազան օտար մարմիններ և այլն: 

 

Միզաքարային հիվանդության կլինիկական ախտանիշները պայմանավորված են միզուղիներում քարի տեղակայմամբ, որին բնորոշ են գոտկային շրջանի կամ որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, երբեմն ջերմության բարձրացումը, սառը քրտինքը, մեզի պղտորությունը և դրանում արյան առկայությունը: Ուժեղ նոպայաձև ցավեր (երիկամային խիթ) առաջացնում են ավազանի և միզածորանի փոքր, խցանող քարերը: 

 

Երիկամում հայտնված քարի պատճառով ցավերն ավելի են ուժեղանում, ճառագայթվում դեպի սեռական օրգաններ, աճուկային շրջան: Հիվանդներն այն գոտկացավ համարելով, հաճախ բժշկի չեն դիմում և ինքնաբուժմամբ են զբաղվում, մինչդեռ երիկամի ավազանում քարերի երկար ժամանակ գտնվելու հետևանքով ավազանն աստիճանաբար լայնանում է և առաջանում է երիկամային հյուսվածքի բորբոքում:

 

Հիվանդության ախտորոշման համար կատարվում են արյան ու մեզի ընդհանուր և արյան կենսաքիմիական հետազոտություն, միզուղիների սոնոգրաֆիա և ուրոդինամիկ մի շարք այլ հետազոտություններ: 

 

Միզաքարային հիվանդության բուժման եղանակները երեք հիմնական նպատակ են հետապնդում`   նոպայի ժամանակ անհետաձգելի բուժօգնության կազմակերպում, քարերի հեռացում, քարագոյացման կրկնությունների կանխարգելում:

 

Ինքնաբուժում չի թույլատրվում, քանի որ նոպաները կարող են առաջանալ նաև ներքին օրգանների սուր հիվանդությունների ժամանակ, որոնք բուժման այլ մեթոդներ են պահանջում: Նոպայի դեպքում բուժումը սկսում են ցավազրկող և սպազմոլիտիկ դեղամիջոցների ներարկումից: Միզուղիների մեծ չափսի քարերը ենթակա են էնդոսկոպիական, երբեմն`   վիրահատական մեթոդով հեռացման:

 

Քարագոյացման կրկնությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն ռացիոնալ սնունդը և այն միջոցները, որոնցով կարգավորում է խանգարված նյութափոխանակությունը: 

 

Սննդակարգը նշանակում է բժիշկը`   կապված փոխանակության խանգարման բնույթի և քարերի բաղադրության հետ: Այսպես, միզաթթվային քարերի դեպքում խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ, բացառելով տապակած, խաշած, ապխտած միսը, կծու պանիրը, թունդ թեյը, լոբազգիները, ամսական բողկը, սպանախը, պղպեղը, մանանեխը և այլն: Կալցիում-ֆոսֆատային քարերի դեպքում, ընդհակառակն, խորհուրդ է տրվում օգտագործել մսամթերք, մեզի թթվայնացմանը նպաստող միջոցներ, բացառելով կաթնաբուսականը:

 

 


Հեղինակ. Համլետ Դվոյան «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: