Հանրագիտարան

Ռոբերտ Ֆրոստ

Ռոբերտ Լի Ֆրոստը (1875թ., մարտ 26 - 1963թ., հունվարի 29) ամերիկացի բանաստեղծ է: Վաղ հասակից գրել է բանաստեղծություններ ու աշխատել իր ֆերմայում: Ֆրոստի բանաստեղծական հերոսը`   նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է: Բրիչը ձեռքին, կոշտ թաթերով ֆրոստյան հողագործն Արարչի օրհնությունն է, նույն ինքը՝ արարիչը, հանապազօրյա քրտինքն ու արյունը հունցող աշխատավորը:

Ֆրոստն ամուսնացել է իր դասընկերուհու հետ: Նրանց վեց երեխաներից երկուսը մահացել են փոքր հասակում: Երիտասարդ Ֆրոստի անձնական ողբերգությունների հիմքում պեսիմիստական աշխարհայացքն է, որում վաղուց պարտված ինդիվիդը շարունակում է ասկետիկ կեցությունը`   վերապրելով անցյալը:

 

Ֆրոստին երկար ժամանակ չեն տպագրել: Նա ստպված վաճառել է ֆերման՝ տեղափոխվելով Լոնդոն: Էզրա Փաունդի օգնությամբ հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ "A Boy’s Will" խորագրով: Առաջին աշխարհամարտի նախօրեին Ֆրոստը վերադարձել է Նյու Հեմփշիր, գնել նոր ֆերմա:

 

Ռոբերտ Ֆրոստը չորս անգամ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: ԱՄՆ-ում նա մեծ ճանաչում ու հարգանք է վայելել: Մի քանի նախագահի, այդ թվում՝ Ջոն Քենեդու երդմնակալության օրը նա իր խոսքն է հղել նախագահին ու ամերիկյան ժողովրդին, կարդացել բանաստեղծություն:

 

Այցելելով Խորհրդային Միություն՝ Ֆրոստը հանդիպել է Աննա Ախմատովային: Միմյանց համար նրանք ընթերցել են բանաստեղծություններ: Բրոդսկին, Նաբոկովը և ուրիշներ Ֆրոստին համարել են 20-րդ դարի խոշոր մտածողներից մեկը:

 

«Ասել, թե բանաստեղծ եմ, նույնն է, թե ասել`   լավ մարդ եմ», «Բանաստեղծությունն այն է, ինչը կորչում է թարգմանության մեջ», «Երեք բառով ես կարող եմ եզրահանգում անել, թե ինչ եմ սովորել կյանքի մասին. այն շարունակվում է»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: