Առողջապահություն

Եփած ձուն օգտակար է, հումը` վտանգավոր

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%), քան խոլեստերինի (2%): Եթե ձվի նկատմամբ ալերգիա չունեք, նախաճաշին համարձակորեն ձվածեղ կերեք:
Հավկիթն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի:
 
Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն, ու իմունային համակարգն ամրապնդվի: Ձուն հրաշալի ուտելիք է նաև այն մարզիկների համար, որոնք ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաների և դեռահասների համար նրանց ակտիվ աճի շրջանում: 
 
Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար:
 
Ամենալավ տարբերակը թերխաշ ձուն է, որը հեշտ յուրացվում է ստամոքսաաղիքային տրակտում: Ձվածեղի կամ օմլետի օգտակարության հարցում կարևորը պատրաստման եղանակն է: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս թավայում պատրաստած ձվածեղ ուտել նրանց, ովքեր խրոնիկական դերմատոզներ (պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ) ունեն: 
 
Ձվի փչանալու հավանականությունը նվազեցնելու համար այն պահեք սառնարանում՝ հատուկ հատկացված տեղում, սուր ծայրով դեպի վար: Պահպանման ժամկետը մեկ ամիս է: Երբեք մի կերեք այն ձուն, որի կեղևի վրա ճաքեր կան: Ցանկալի է ձուն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի կեղևը մաքրվի վնասակար մանրէներից: 
 
Հեղինակ`   Ա.Խ.
Սկզբնաղբյուր`   Առողջապահություն 2.2010 (287)
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: