Հանրագիտարան

Ողբերգություն

Թատերախաղի տեսակ, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են

Ողբերգություն (հին հուն.՝ τραγῳδία, tragōdía, բառացիորեն`   «Նոխազերգություն», τράγος, tragos — «նոխազ» և ᾠδή, ōdè — «երգ» բառերից):

 

Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ: Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները: Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին: Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և/կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն:

 

Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում: Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը, վախի և կարեկցանքի զգացմունքների առաջացման միջոցով հասցնում է հանդիսատեսին կատարսիսի`   այսինքն «մաքրմանը»:
Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում`   Աթենք քաղաքում: Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում`   մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից): Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ`   Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները:
Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, որտեղ ողբերգություններ են գրել Լիվիուս Անդրոնիկուսը, Նևիուսը, Պակուվիուսը, Սենեկան (պահպանվել են միայն Սենեկայի ստեղծագործությունները, մնացած հեղինակներից մեզ են հասել միայն պատառիկներ):
Նոր ժամանակներում ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում Վիլյամ Շեքսպիրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: