Հանրագիտարան

Ամբողջատիրություն (Տոտալիտարիզմ)

Ամբողջատիրությունը կենտրոնացված կառավարման հրամայավար ձև է, որը կարգավորում է պետական և մասնավոր գործունեության բոլոր կողմերը: Թեև եզրը սկզբում ընդհանրապես նախատեսված էր ֆաշական և համայնավար վարչակարգերի համար, ամբողջատիրությունը գլխավորապես կապված է Խորհրդային Միության բնորոշման հետ:

 

Դրա կողմնակիցները համամիտ չեն այն հարցում, թե Խորհրդային Միությունը երբ է դադարել ամբողջատիրական լինելուց, եթե երբևէ դադարել է, սակայն նրանք միակարծիք են այն տեսակետին, որ քաղաքական ղեկավարությունը երկար ժամանակ եղել է թե’ ամենազոր և թե’ լիովին ապօրինի: Մեկնաբաններից շատերը համարում են, որ Խորհրդային Միությունը նոր փուլ մտավ Ստալինի մահից հետո, երբ հրաժարվեց զանգվածային ահաբեկությունից: Սակայն մյուսները, նշելով ամբողջատիրության շրջանակները, մատնանշում են սահմանակարգային շարունակելիությունը, անվտանգության մարմինների կողմից այլախոհների հետապնդումը և պետական կամայական իշխանության վերահաստատման հնարավորությունը մինչև 1989 թ.-ը: Այդ պահից ի վեր Խորհրդային Միության լիակատար և հանկարծակի փլուզումը կասկած է գցում ոչ միայն այդ դպրոցի, այլ թերևս նաև ամբողջատիրության ամբողջ գաղափարի վրա: 1970-ական թթ.-ին ստեղծվեց խորհրդագիտության նոր դպրոց, որը փաստարկներ էր բերում, թե վարչակարգը վայելում է ժողովրդի աջակցությունը, և իշխանությունների տարանջատման ապացույցներ կամ առնվազն քաղաքականության կիրառման հարցում`   իշխանության հատվածային և շրջանային մարմինների միջև: Որոշ «բազմայնականների» կարծիքով սա ապացույց էր այն բանի, որ վարչակարգը կարող է հարմարվել նոր պահանջներին: Սակայն ամբողջատիրության տեսաբանները պնդում էին, որ համակարգի գոյատևման ձախողումը ցույց տվեց ոչ միայն նրա հարմարվելու անկարողությունը, այլև երկրի կառավարմանը ժողովրդի ենթադրյալ մասնակցության ձևական բնույթը:
 
Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով`   ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում:
 
Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են:
 
Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: