Առողջապահություն

Դու այն ես, ինչ ուտում ես…

Մարսողությունը գործընթաց է, որը գիտելիքներ և ուշադրություն է պահանջում:
Շատերը հիանալի գիտեն, որ աղիները մարսողական համակարգի մի մասն են, որոնց ֆունկցիան սննդի լրացուցիչ մարսողությունը և սննդարար նյութերի յուրացումն է: Շատերին է ծանոթ «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը: Ստորև ներկայացվում է սեփական աղիների հանդեպ «մեծ հարգանք դրսևորելու» մի քանի պատճառ:
Այն վերահսկում է տրամադրությունը
 
Էներգիա ստանալու նպատակով, որն անհրաժեշտ է կենսագործունեության համար, օրգանիզմը սննդարար նյութերի կարիք ունի, որոնք ստանում է սննդից: Սննդարար նյութեր ստանալն անհրաժեշտ է նաև ճիշտ և անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրելու համար, որոնք անհրաժեշտ են կյանքի բարձր որակն ապահովելու համար:
 
Օրգանիզմը  գտնվում է արտադրվող հորմոնների հսկողության տակ: Եթե հորմոններից մեկը խանգարվում է, ապա մյուսները դադարում են միմյանց հետ ներդաշնակ համագործակցել: Եվ որքան քիչ է սնունդը սննդարար նյութեր պարունակում, այնքան աղքատիկ է դառնում օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը և այդքան վատանում է կյանքի որակը:
 
Հետևաբար, տրամադրությունն էլ անկայուն է դառնում ու ավելի հակված բացասական երանգների: Մարդը հանկարծ զգում է, որ վատացել է հիշողությունը: Լիովին հավանական է, որ անբավարար է դոպամին հորմոնի մակարդակը: Սկսել է անտարբեր դառնալ սիրային հարաբերություններում`   չի բավարարում տեստոստերոնը:
 
Դադարել է առաջվա պես եռանդուն լինել ու պաշտպանված զգալ, ապա անհրաժեշտ է ավելացնել սերոտոնինի մակարդակը: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել: Հետևաբար, եզրակացությունը մեկն է՝ քիչ սննդարար նյութերի պարունակության պատճառով սննդամթերքից մարդն ստանում է վատ տրամադրություն: 
 
Աղիները վերահսկում են իմունային համակարգը
 
Աղիներում կենտրոնացված է իմունային համակարգի 60%-ից ավելին: Եթե օրգանիզմում լավ մանրէների անբավարարություն է, ապա դժվար, թե օրգանիզմը սննդից ստանա առավելագույն օգուտ: Դա կողմնակիորեն ազդում է ողջ օրգանիզմի վրա, որովհետև օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը սնվում է օրգանիզմ ներմուծված սննդամթերքով:  
 
Դրան կարելի է նաև այլ տեսանկյունից մոտենալ, եթե մարդը սնվում է առողջ սննդով, բայց նախկինի պես իրեն այնքան էլ լավ չի զգում, ապա նշանակում է լավ և վատ մանրէների հավասարակշռությունը դեռ խախտված է: 
 
Վատն այն է, որ լավ և վատ մանրէների միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել իմունիտետի նվազմանը, և մարդն այդ պատճառով սկսում է ավելի հաճախ հիվանդանալ: Վիտամին C-ի ոչ մի քանակ չի կարող վիճակը շտկել այդ պարագայում, և օգնելու եղանակներից մեկը պրոբիոտիկ ըմպելիքներ խմելն է դառնում:   
 
Աղիները վերահսկում են ցավերն ու հիվանդությունները
 
Մարդու օգտագործած սննդամթերքն ազդում է ինքնազգացողության վրա: Սննդային ալերգիաներն ու սննդամթերքը չմարսելն աղիների աղքատ միկրոֆլորա են ստեղծում: Եվ երկուսն էլ օրգանիզմում տարբեր ցավեր են առաջացնում, որոնցից են հոդացավերը, որովայնի փքվածությունը, գլխացավերը, գազերը, մկանային ցավերը և այլն: 
 
Հարկ է հիշել, եթե Ձեզ մոտ առկա է վերոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը, ապա այն կարող է հրահրված լինել այս կամ այն սննդամթերքով, նշանակում է պետք է որոշել, թե որ մթերքն է տկարության պատճառը: Ամենից հաճախ մարսողության հետ խնդիրներ են առաջացնում սոսնձանյութերը, լակտոզան և ընկուզեղենը, այսինքն՝ կաթնամթերքը, հացահատիկն ու հացը և ընկույզը:
 
Եթե մթերքն օգտագործելիս մարսողության հետ խնդիրներ են առաջանում, հարկ է բժշկական հետազոտություն անցնել որոշակիության համար. ալերգիան կամ մարսողության հետ խնդիրները, եթե քրոնիկական ձևի են անցնում, կարող են անընդհատ նվազեցնել իմունիտետը:
 
Աղիները վերահսկում են քունը
 
Այն հանգամանքով, թե մարդն ինչպիսի սնունդ է օգտագործում, երբ է սնվում և ինչպես է այն յուրացվում աղիների կողմից, պայմանավորված է քնի որակը: Եթե դուք սնվում եք ուշ երեկոյան՝ քնելուց կես ժամ առաջ, Ձեր օրգանիզմին մարսողության լրացուցիչ հրահանգ  եք տալիս:
 
Այսինքն՝ օրգանիզմին ստիպում եք ավելորդ էներգիա ծախսել, որն էլ վերցվում է քնի բաժնից: Քնի որակի վրա ազդում է նաև սննդամթերքի տեսակը և դրա մարսողության աստիճանը: Որոշ դեպքերում հնարավոր է նաև անկանոն քուն կամ անքնություն:
 
Աղիները վերահսկում են ուշադրության կենտրոնացումը
 
Սրա վրա ևս հարկ է հատուկ ուշադրություն դարձնել: Շատերը հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ ունեն: Բայց այս հարցը կարգավորելը դյուրին է: Բավական է աղիների համար լավ պայմաններ ստեղծել, հնարավոր է լինում ավելի շատ աշխատել, լավացնել արտադրողականությունը: 
 
Ուշադրության կենտրոնացման խանգարում լինում է երկու դեպքում՝ առաջինը, երբ շատ եք ուտում, օրգանիզմը կենտրոնանում է մարսողության վրա և ավելի քիչ էներգիա է մնում մյուս բաների համար, այդ թվում և ուշադրության կենտրոնացման:
 
Երկրորդը ոչ ճիշտ սնվելն է, այսինքն՝ սնունդը կամ Ձեզ էներգիա է տալիս, կամ խլում է Ձեր էներգիան: Դա հաղթահարելը շատ դյուրին է: Հարկ է սնվել առողջ սննդակարգով՝ օգտագործելով էներգիայով հարուստ սննդամթերք՝ բանջարեղեն, միրգ, միս, ձուկ, ընկույզ:  
 
Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: