Առողջապահություն

Ինչպես վարվել միջատի խայթոցի դեպքում

Ամռան ամենատհաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է:
Երբեմն խայթոցի տեղում անմիջապես ահռելի բշտիկ է առաջանում, կամ այտուցվում է ամբողջ ձեռքը: Ի՞նչ անել նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Մեղուների կամ կրետների թույնով պայմանավորված ալերգիայից տառապում է երկրագնդի մարդկանց մոտ 4%-ը:
 
Սակայն ռիսկի խմբում կարող է հայտնվել ալերգիայի հակված յուրաքանչյուր անձ: Ընդ որում՝ միջատների թույնի նկատմամբ հակազդման ծանրությունը մեծանում է յուրաքանչյուր նոր խայթոցի հետ, դրա համար ավելի լավ է խուսափել մեղուների ու կրետների հետ «հանդիպումից»:
 
Սակայն, եթե միջատն այնուամենայնիվ խայթել է, անհրաժեշտ է ընդունել հակահիստամինային պատրաստուկ և վերքի վրա սառույց դնել (այն կնվազեցնի թույնի ներծծման արագությունը): Հարկ է նաև հակահիստամինային քսուքով տրորել խայթոցի հատվածը, որպեսզի այտուցն արագորեն իջնի:
 
Օգտակար է խմել մեկ բաժակ քաղցր թեյ կամ սուրճ, զարկերակային ճնշումը բարձրացնելու համար: Իսկ ահա ալկոհոլ չի կարելի խմել. դրա հետ թույներն ավելի արագ կթափանցեն օրգանիզմ: Սակայն այս բոլոր մեթոդներն օգնում են միայն թույլ հակազդման դեպքում:
 
Եթե խայթոցից հետո ամբողջ մարմնով մեկ ուժեղ քոր է սկսվել, կամ այտուցն ավելի է տարածվել, դրսևորվել է թուլություն,  դող և գլխապտույտ, պուլսը թույլ է կամ շնչելը դժվար, ապա անհրաժեշտ է վերքից 15-20 սմ վերև քուղ կապել, սառույց դնել և անմիջապես շտապօգնություն կանչել:
 
Հեղինակ՝ Ն.Ա.
Աղբյուր՝ Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: