Հանրագիտարան

Հայկաբերդ

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Աստվածաշեն ավանագյուղի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին էր գտնվում Հայկաբերդը, կամ այլ կերպ Աստվածաշեն բերդը: Այն այժմ ավերակի է վերածվել։

Մար Աբաս Կատինայի հնագուն ավանդական տեղեկության հիման վրա Ղ.Ինճիճյանը ենթադրում է, որ Հայկաբերդը այն տեղն է, ուր հայոց անվանադիր նախնի Հայկը աշշուրա–բաբելացվոց նախնի Բել բռնակալի դեմ հաղթական ճակատամարտից հետո հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։ Ըստ Ղ.Ալիշանի Հայկաբերդը հիմնվել է նախաքրիստոնեական ժամանակներում։ Հայկաբերդի ավերակներն ուսումնասիրել և նկարագրել են Ն.Սարգիսյան, Լեհման–Հաուպտը և Հ.Օրբելին։ Բերդի հարավ և հյուսիսային կողմերում պահպանվել են տաշածո խոշոր վիմաքարերով կառուցվաշ պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը։ Հայկաբերդի միմյանց կից երկու ամրոցները նույնպես ամրացվել են հաստահեղյուս պարիսպներով։ Բերդը պիկունքից պաշտպանվել է հյուսիսից հարավ ձգվող ձեռակերտ խրամատով։ Լեռնագագաթից երկու ժայռափոր ուղիներ աստիճանաբար ընդարձակվելով՝ տանում են բերդը։ Բերդապարիսպների ներսում, քարանձավներից վերև նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնակարանների հետքեր։ Հայկաբերդում հայտնաբերվել են ուրարտական կնիքներ, որոնցից մեկը պատկերում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ սրբազան ծառ՝ կողքերից երկու աղոթող, իսկ նրանց գլխավերևում՝ կիսալուսին։ Լեռան ստորոտին՝ Աստվածաշենի մոտ, պահպանվել է Սարդուրի Բ թագավորի բևեռաձև արձանագրությունը՝ բերդաշինության մեջ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: