Հանրագիտարան

Լճաշենի Կիկլոպյան ամրոց

Լճաշեն գյուղից հարավ-արևմուտք, ոչ այնքան բարձրադիր սարի վրա են գտնվում ուրարտական հնագույն ամրոցի պատերը:

Շուրջ չորս մետր լայնությամբ հսկայական պատերն ընդգրկում են ինչպես սարերի կատարները, այնպես էլ առանձին տարածքներ դրանց միջև`   առաջացնելով առանձնացված փակ տարածքների մի ամբողջ համակարգ: Դրսի պատերը, որոնք իջնում են գետի մոտ, միացնում են երկու ափերը: Լճաշենի ամրոցի նշանակությունը պարզ է առաջին հայացքից. այն հյուսիսից պաշտպանում էր արևմտյան ափը: Դրանով էլ բացատրվում են ամրոցի թե չափսերը, և թե հզորությունը: Ամրոցը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. VII դարին: Քարերից մեկի վրա գտնվել է ուրարտական Արգիշտի Առաջինի որդի Մենուայի սեպագիր արձանագրությունը: Բերդում պեղված գտածոների շարքում առանձնանում են առաջին հազարամյակի կավե իրերը: Կատարված պեղումների ընթացքում Լճաշեն գյուղում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ: Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են: Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում: Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակությունն ու փայտամշակությունը, զինագործությունը, ոսկերչությունը, արձանագործությունը եւ այլն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: