Հանրագիտարան

Ջրաբերդ ամրոց

Ջրաբերդ ամրոցը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի և նրա Թրղի վտակի ձախ ափին, զառիթափ լանջերով հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ շրջապատված անտառոտ լեռնակույտերով:

Հյուսիսից հարավ ձգված ամրոցի տարածքը գետերի շրջանցումից առաջացած թերակղզու տեսք ունի և պաշտպանված է ինչպես դրանց ջրառատ ու արագահոս պատնեշով, այնպես էլ՝ գետեզերքից գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռերով: Գտնվելով համանուն գավառի անտառախիտ խորքերում և ունենալով խիստ նպաստավոր բնական պայմաններ՝ ամրոցը վաղ միջնադարից ի վեր կառուցապատվել ու դարձել է Արցախ-Խաչեն-Ղարաբաղի անառիկ ու նշանավոր պաշտպանական հենակետերից մեկը: Պատմական աղբյուրներում և այլ երկերում ամրոցը հիշվում է Չարաբերդ, Ճառաբերդ, Չրաբերդ, Ջերմուկ բերդ և Ջրաբերդ անուններով, իսկ մելիքության շրջանի վկայագրերում առավելապես հայտնի է հնագույն ու նախնական Չարաբերդ (նաև`   Չարապերթ, Ջարապերթ, Ջարիպերթ) անվանաձևերով, ինչը գործածվում է նաև որպես գավառանուն և մելիքության անվանում: 

Ամրոցը պարփակված է երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներով, որոնց անկանոն հատակաձևը կրկնում է տարածքը եզերող ժայռերի ուրվագիծը: Բացի պարիսպներից ու բազմաթիվ այլ շինությունների ավերակներից, պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներն ու հարավ-արևմտյան՝ գետամերձ ստորոտին հարող կամարակապ դարպասը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: