Հանրագիտարան

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, կարելի է ճանաչել տասնյակ կիլոմետրերից: Հատկապես այն աչքի է ընկնում Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս:

Լեռնագագաթը արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով`   50-60մ բարձրությամբ: Համեմատաբար թույլ կողմը հարավայինն է, որտեղ և գտնվում է մուտքը: Սակայն չափազանց դժվար է մտնել ամրոց, քանի որ մուտք որպես այդպիսին չկա. առանց մագլցման անհնար է հասնել պարսպին:

Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է: Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ`   քար նետելու համար: Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը: Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով:
 
Կառույցը պատկանում է VIIIդ.: Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի: Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով:
Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կալանկատուացու, IXդ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դուստրին, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»:
Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից`   չհասնելով պարսպին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: