Հանրագիտարան

Տավուշի բերդ

Տավուշի բերդը կամ ինչպես այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի բերդը միջնադարյան բերդ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում:

Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի): 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին: Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն: Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը: Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում: Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են:

Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Xդ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XIդդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIIIդդ.՝ Զաքարյաններին։ XIVդ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: