Հանրագիտարան

Սմբատաբերդ

Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից`   Արտաբույնքի ձորերով:

Ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը`   3-5 մետրի: Շարված է բազալտե ճեղքված ու կոփածո քարերով և կրաշաղախով: Միակ խոցելի տեղը եղել է հյուսիսից:

Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության
բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի`   հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր:
 
Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք`   հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: