Առողջապահություն

Շրթունքի ճաքերի դեմ

Շրթունքների ճաքերը կոչվում են անգուլիտներ՝ բերանի անկյունների գրգռում: Դրանց առաջացման պատճառները մի քանիսն են՝ ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ, մանրէային ինֆեկցիա (օրինակ՝ սնկային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով կամ սպասքեղենի և որոշ առարկաների ընդհանուր օգտագործումից):
Բայց ամենից հաճախ ճաքերն առաջանում են իմունիտետի թուլացումից, B2 վիտամինի, երկաթի և ցինկի անբավարարությունից: B2 պարունակվում է կաթնաշոռի, կաթի, պանրի, ձվի, տավարի մսի, նաև կանաչ լոբու, բրոկոլիի, սպանախի մեջ:
 
Երկաթով հարուստ մթերքներն են սունկը, ընկույզը, նուռը, կարտոֆիլը, մաղադանոսը, հնդկացորենը, կարմիր միսը (տավարի, ոչխարի և խոզի): Ցինկի աղբյուր են ծովամթերքը, ձուն, միսը, լյարդը և երիկամները, դդմի սերմերը:
 
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա հարկ է դեղատնային վիտամին B2-ի կուրս ընդունել (օրը 2 անգամ): Ճաքերին անհրաժեշտ է քսել վիտամիններ A-ի և E-ի յուղային լուծույթ, դեղատնային նիստատինի քսուք կամ էլ չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղեր: 
 
Պետք է նաև օրը 3 անգամ դնել թրջոցներ, որոնք պատրաստվում են երիցուկի, կատվալեզվիկի, եղեսպակի, վաղենակի և ծիծեռնախոտի թուրմերից: Բուժման ընթացքում աշխատեք խուսափել թթվաշ մրգերից կամ աղի, կծու ուտեստներից: Մրգերը մանր կտրատեք և այնպես կերեք, որ չկպչի շրթունքի վնասված անկյուններին:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: