Առողջապահություն

Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը՝ պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարդի մոտ, ով սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքները:

Սակայն պարզվում է, որ պանկրեատիտը կարող է զարգանալ սխալ ապրելակերպի հետ կապ չունեցող գործոններից՝

 

  • ենթաստամոքսային գեղձի բնածին անատոմիական թերություններից և լեղածորանների խցանումներից,
  • տասներկումատյա աղու, լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդություններից,
  • ալերգիկ հիվանդություններից (այդ թվում`   սննդային ալերգիայից),
  • որովայնի վնասվածքներից,
  • ճարպային և ֆերմենտային բնածին խանգարումներից,
  • մուկովիսցիդոզից,
  • լակտազային անբավարարությունից (հաճախ ցածր տարիքի երեխաների մոտ),
  • դեղամիջոցների ընդունումից (կորտիկոստերոիդներ, սուլֆանիլամիդներ, միզամուղներ և այլն),
  • վաղ տարիքում տարած վիրուսային և մանրէային հիվանդություններից (խոզուկ, գրիպ և այլն):

 

Ծանր անգինաները հաճախ են առաջացնում սուր պանկրեատիտի զարգացում: Տարած անգինայի վնասակար հետևանքը կարող է բարդանալ սթրեսներով և սննդի ոչ կայուն ընդունումով:

 

Դիմակի ներքո

 

Պանկրեատիտի նոպան կարող է զուգորդվել դիարեայով, սրտխառնոցով և փսխումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով: Սակայն հիվանդության կարևորագույն նշանն է ցավը, որը կարող է սկսվել թեթև ծակոցներից և ավարտվել ցավային շոկի առաջացմամբ: Պանկրեատիտին բնորոշ ցավերը տեղակայվում են որովայնի խոռոչի էպիգաստրալ շրջանում:

 

Հենց այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին հաճախ սխալմամբ բուժում են «գաստրիտից»: Թիկունքին և կրծքավանդակին տարածվող ցավերն առաջացնում են ստենոկարդիայի նոպայի պատկեր, իսկ աջ զստափոս տարածվող ցավը կույրաղիքի բորբոքում է հիշեցնում:

 

Այդ իսկ պատճառով էլ ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք կլինիկական հետազոտություններ: Ըստ ցուցումների՝ նշանակվում են  ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, ռենտգեն-հետազոտություններ, ենթաստամոքսային գեղձի սեկրետորային գործառույթի հետազոտություններ:

 

Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 7 (545)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: