Հանրագիտարան

Հոռոմ ամրոց

Հոռոմ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարում`   Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Այն այլ կերպ անվանվում է նաև Ուրարտական ցիտադել:

Ամրոցը, որը գրավում է 4 ք.կմ ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված`   կիկլոպյան շարվածքով հատվածներ:

Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին`   մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը քարարկղային դամբարաններ:
Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում`   մեկ, երբեմն`   երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր:
 
1908-ին Բ.Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ:
Քարարկղային դամբարանների նյութերը ( նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն ) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես`   մ.թ.ա. 9-8 դարերին:
1914-ին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ.Թորոմանյանը:
1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ.Պիոտրովսկին, Ա.Աջյանն ու Լ.Գյուզալյանը ( թվագրվել են մ.թ.ա. 13-10 դդ. ), 1967-ին`   Տ.Խաչատրյանը:
 
Հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: