Առողջապահություն

Ուրցի օգտակարությունը

Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ: Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ:
Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում`   քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ: 
 
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով առանց արմատը հանելու կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:
 
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն`   որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը`   բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով`   բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
 
Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը, առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնված, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց`   օգնում ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:
 
Խառնված յուղի կամ գինու հետ՝ ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում մեղրաջրով մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղն արգանդից, գցում միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և քացախի հետ`   քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
 
Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը`   մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով ներշնչելու ձևով`   հարբուխի ժամանակ:
 
Այլ օգտակար հատկանիշներ
 
Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար:
 
Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն:
 
Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար:
 
Հոդվածի հեղինակ`   Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: