Հանրագիտարան

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում`   Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի:

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում`   Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VII դ.): Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174-ին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին`   շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ 1812-ին Երևանի Սարդար Հյուսեին խանը հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է(մյուս աշտարակները բազմանիստ են)։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5մ)`   շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմիձորակը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: