Հանրագիտարան

Բջնիի ամրոց

Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին`   Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր:

Տեղադրված լինելով գյուղի արևելակողմում, Հրազդան գետի աջափնյա մասում գտնվող ու երեք կողմերից 100-120 մ խորությամբ գահավեժ վիհերով շրջափակված մի քարաժայռի գագաթին, ամրոցն իր հսկողության տակ էր պահում բնակավայրն ու կիրճով անցնող հին մայրուղին:

Բերդատարածությունը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու`   մեծ և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10--15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը:
 
Քառաժայռի բնական անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն էր պաշտպանված հզոր և բուրգավոր`   շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Այդպիսի պարիսպներ, 115 մ երկարությամբ, ձգված են նաև ստորին ամրոցի հարավային հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրաղդան գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն ապահովված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը բարձրացող ջրով, որի պաշարներն ստեղծելու համար կառուցված էր թաղակապ մի ջրամբար: Վերին բերդում պահպանվել են նաև մատուռի և այլ շենքի մնացորդներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: