Հանրագիտարան

Ախթալայի ամրոց

Ախթալայի ամրոցը կառուցվել է X դ, Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք: Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով: Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով՝ կապակցված ամուր կրաշաղախով: Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ:

Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից: Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց է: Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով: 

Ախթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպանված է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը՝ կառույցի և բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը: Ամրոցը, երեք կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային և պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հզոր աշտարակը: Մինչև հուշարձանի վերանորոգումը՝ այն կիսով չափ փլված վիճակում է եղել: Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքևից վերև աստիճանաբար պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած չորս հարկերը ներքուստ կամարակամ են: Ամրոցի բերդպարիսպները և աշտարակները շարված են կապտավուն, կոպտատաշ բազալտի շաղախված կրաբետոնով:

Հստակ է, որ XIII դարասկզբին Ախթալայի Սբ. Աստվածածին վանքն արդեն հայտնի և հեղինակավոր է եղել: Մի որոշ ժամանակ այստեղ է պահվել այնպիսի նշանավոր սրբություն, ինչպիսին Աստվածընկալ Սուրբ Խաչն է, որով ավանդության համաձայն, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուսին: Այդ մասունքը Իվանե Զաքարյանը նվեր էր ստացել նշանավոր Պռոշ իշխանի հայր Վասակից, իսկ 1216 թվականին բավական մեծ վճարի դիմաց հանձնել է Նորավանքին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: