Առողջապահություն

Սննդակարգը կօգնի պանկրեատիտին

- Մի քանի ամիս առաջ ինձ մոտ քրոնիկական պանկրեատիտի սուր նոպա սկսվեց: Ստիպված էի սննդակարգ պահպանել, բայց, եթե փորձում եմ այն խախտել, ցավերն անմիջապես վերսկսվում են, փորլուծություն և այլ տհաճ երևույթներ են դրսևորվում: Ի՞նչ խորհուրդ կտաք / Յու.Աթայան /:

Պանկրեատիտի բուժման ժամանակ առաջին հերթին հարկ է խիստ սննդակարգ պահպանել: Հակացուցված են ամեն տեսակի յուղոտ, ապխտած, աղի, մարինացված կերակրատեսակները, մսի, ձկան և սնկի արգանակները, հում մրգերն ու բանջարեղենը, թունդ թեյը, սուրճը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլային խմիչքները:

 
Քաղցրեղենի ընդունումը նույնպես հարկ է սահմանափակել, իսկ սերուցքային կարագ կարելի է ուտել օրական 2 թեյի գդալ: Խորհուրդ է տրվում տավարի, հավի խաշած անյուղ միս, հնդկացորենի, բրնձի, վարսակաձավարի շիլաներ (ավելի լավ է ջրով եփված):
 
Ապուրները պետք է միայն բանջարեղենի արգանակով պատրաստել, իսկ բանջարեղենից էլ խյուս`   դդմի, գազարի, կարտոֆիլի և այլն: Սննդակարգը ներառում է նաև անուշապուրներ (կիսելներ), օրինակ`   սև հաղարջի կամ խնձորի:
 
Բուսաբուժություն
 
Հավասար քանակությամբ վերցնել անիսոն, հիպերիկ, ծիծեռնախոտ և եգիպտացորենի մազիկներ: Խառնել, 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, մեկ ժամ թրմել, ապա քամել: Թուրմն ընդունել օրը երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է: Այնուհետեև 1 շաբաթ ընդմիջել և կուրսը կրկնել:
 
Եթե պանկրեատիտն ուղեկցվում է լյարդի և լեղապարկի հիվանդություններով, ապա կօգնի հետևյալ բաղադրատոմսը`   վերցնել 3 ճաշի գդալ հիպերիկ, 2 ճաշի գդալ օշինդր, 2 ճաշի գդալ դաղ: Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, կես ժամ թրմել, քամել:
 
Ընդունել օրը երկու-երեք անգամ 1/2 բաժակ ուտելուց 0,5 ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է, հետո 2 շաբաթ ընդմիջում տալ, ապա կուրսը կրկնել:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Աղբյուրը`   Առողջապահության լրատու 8-9.2012
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: