Հանրագիտարան

Կերպարվեստ

Տարածական արվեստի բաժին

 

Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը։ Ի տարբերություն տարածական արվեստների ոչ պատկերային տարատեսակների, կերպարվեստը արտացոլում է իրականությունը և տարածության մեջ ստեղծում է դիտարկելի ակներև կերպարներ։
Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի իր ուժը։
 
1920-ական թվականներին գործում էին կերպարվեստի ճանաչված վարպետներ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը։ Նրանց ստեղծագործական ավանդույթների հիման վրա Հայաստանում ստեղծվեց կերպարվեստի նոր դպրոց։ Այդ գործում բացառիկ է համաշխարհային ճանաչման արժանացած Մարտիրոս Սարյանի դերը։ Մ. Սարյանը մարմնավորել է հայրենիքի գեղեցկությունը։ Նրա կտավներին բնորոշ են վառ ու ներդաշնակ գույները, որոնք կարծես ճառագում են լույս ու ջերմություն։
Կերպարվեստի զարգացման կարևոր գրավականը կադրերի պատրաստումն է։ Այդ նպատակով 1922թ. Երևանում բացվեց գեղարվեստի դպրոց։ 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը, որն այսօր գործող Հայաստանի ազգային պատկերասրահն է։
 
Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Մերկուրովի հայտնի գործերից է 1931թ. Երևանում տեղադրված Ստեփան Շահումյանի մոնումենտը։ Արա Սարգսյանի գործերից է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակը, որը տեղադրված է Երևանի պետական համալսարանի առջև։ Երվանդ Քոչարը նկարիչ-քանդակագործ է։ Նրա ամենանշանավոր ստեղծագործությունը Սասունցի Դավթի արձանն է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: