Հանրագիտարան

Երևանի պետական կրկես

Հայկական կրկեսի հնադարից ավանդված ժանրերից ամենակենսունակը լարախաղացությունն է, որը հասել է նոր ժամանակներ: Սա օբյեկտիվ իրականության վերարտադրության սինվոլիկ և հրաշակերպ ձևերից է, որ միջնադարում հարմարեցվել է կյանքի քրիստոնեական ըմբռնմանը:

 

Լարախաղացը ներկայացվել է որպես հրաշագործ հերոս և Ս. Կարապետի նվիրյալը, իսկ նրա խաղընկեր ծաղրածուն կերպավորել է երկրայինը և պարսավելին: Վեհի և ստորի, աստվածայինի և մարդկայինի հակադրամիասնության խորհրդավորումը միաժամանակ հանգեցրել է այստեղ առարկայական և խոսքային դրությունների բազմազանության: Միջնադարյան կրկեսը լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբանության և գեղագիտության բոլոր գծերով: Լարախաղացությունն ավելի շոշափելի պատկերացում է տալիս այն կրկեսի մասին, որի ակնհայտ հետքերը կան միջնադարյան բազում մանրապատումներում:
Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Հովհան Մանդականու անունով ավանդված ճառում լեզվական փաստերը ենթադրել են տալիս նաև կրկեսային շենքի գոյությունը:
 
«Թեատրոն» բառը միջնադարյան բառարաններում բացատրվում է «խաղատեղի թատեր», «հանգամանք խաղացողաց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. NN 450, 623):
Քաղաքական կյանքի բարգավաճման պայմաններում, Բագրատունիների և Արծրունիների թագավորության շրջանում (IX-XIդդ.) կամ Կիլիկյան Հայաստանում թերևս եղել են շենքեր, գուցե և լեզվական վկայությունները վերարտադրում են հին հիշողություն:
Միջնադարյան կրկեսի հետքերը պահպանվել են նաև ժող. խաղային բանահյուսության, հատկապես Բարեկենդանի ցիկլում: Դրանք հեծելախաղերն են, լարախաղերը, ոտնացուպերով քայլելը, խոյակռիվը, աքլորակռիվը, գոմշակռիվը, նվագակցությամբ ըմբշամարտերը (կոխը) են:
Միջնադարյան քաղաքների և քաղաքային կյանքի անկումով պրոֆեսիոնալ կրկեսյին արվեստը մասամբ անհետացել է, մասամբ գախթել էր իր բնաշխարհից, մասամբ էլ տարալուծվել ժող. հանդիսանքներում: Կրկեսը թատրոն անվանելու միջնադարյան ավանդույթը Եվրոպայում շարունակվել է մինչև 1806-ը, երբ Նապոլեոնի հրամանագրով ֆրանս. մանեժային սրահներն ու խմբերը կոչվեցին կրկես (circus-շրջան), պորտալային (հայելակամար) սրահներն ու խմբերը`   թատրոն:
 
Հայ միջավայրում թատր և թատրոն անվանումները XIXդ. սկզբում պահպանվել էին իրենց համապատասխան իմաստով: Ուստի, 1846թ-ին Կ. Պոլսում բացված հայկական կրկեսը կոչվել է «Արամյան թատրոն» ունենալով միաժամանակ կենտրոնացույց ու հայելակամար, Էքսցենտրիկ երաժշտա- դրամատիկական բնույթ:
«Արամյան թատրոն» կրկեսը հիմնել է ֆրանսիական կրկեսային խմբում մարզված լարախախաց, ծանրամարտիկ և դերասան Հ. Գասպարյանը: Թատրոնն ունեցել է փայտաշեն շենք, մեծ տաղավար`   մանեժով և բեմով, մշտական խումբ (մնջկատակներ, էկվիլիբրիստներ, պարուհիներ, դրամայի (դերասաններ), եվրոպական տիպի նվագախումբ և կոմպոզիտոր- դիրիժոր (Կ. Փափազյան): Ներկայացումները տեղի են ունեցել ընդարձակ ծրագրով, երկու-երեք տարբեր բնույթի բաժիններով`   կրկեսային և բալետային, մնջկատակային ու դրամատիկական: Կրկեսային բաժինը կազմված էր ուժային, զարմանք ու վախ ազդող ցույցերից, տեխնիկապես բարդ ու թատերասյուժետային լարախաղերից (պար, մենամարտ, հրդեհ, խնջույք լարի վրա): Բալետային բաժնում հանդես են եկել իտալացի պարուհիներ (Լիզա, Հայտե, Ռոզա, Միքելիա), մնջկատակային ինտերմեդիաներում`   Հ. Գասպարյանը, Ա. Մինասյանը, Մ. Բամբուկչյանը, Գ. Չիլինկիրյանը և ուրիշներ: Դրամատիկական բաժնում ներկայացվել են արկածային մելոդրամաներ ու պատմ. ողբերգություններ, որոնց մասնակցել է ամբողջ թատերախումբը (մինչև 26 մարդ), դրանց թվում հայ օրիորդներ (Թագուհի, Մառի, Անտիկ):
 
Կ. Պոլսի իտալ. և ֆրանս. կրկեսային խմբերը, մրցակցությանը չդիմանալով, փակվել են, և ասպարեզը մնացել է «Արամյան թատրոն»-ին:
1849-50թթ-ի թատերաշրջանում Հ. Գասպարյանի կրկեսը ներկայացումներ է տվել Թիֆլիսում, ուր ոմն Հակոբ աղա կառուցել էր այս խմբի համար հատուկ շենք, 1000 տեղանոց, 72 կրկնահարկ, թավշապատ օթյակներով: Այնուհետև կրկեսը շրջագայել է Վրաստանի հայաբնակ վայրերում`   Փոթի, Քութայիս, Սուրամ, Գորի, Մցխեթ:
1850 թ-ի ամռանը խումբը ներկայացումներ է տվել Երևանում (Ցախի մեյդան թաղում), Էջմիածնում, ապա մեկնել է Նախիջևան, այնտեղից`   Թավրիզ, դարձյալ Թիֆլիս`   մինչև 1853 թ-ի վերջը:
Թատրոնի հետագա գործունեությունը շարունակվել է Կ. Պոլսում, ուր Մկրտիչ ամիրա Ճեզաիրլյանը կառուցել է նոր շենք`   ամֆիթատրոնով և օթյակներով:
«Արամյան թատրոն»-ը գործել է 20 տարի, մինչև 1866-ի վերջը, որպես առաջին և իր շրջանում միակ պրոֆեսիոնալ կրկեսը Մերձավոր Արևելքում: 
 
Հասցե՝ Հայաստան, Երևան, Ագաթանգեղոսի 1
Հեռ.`   (+37410)526372
Ֆաքս`  (+37410) 541267
Էլ-հասցե `   [email protected]
Կայք`   www.circus.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: