Առողջապահություն

Կոֆեինը բարելավում է տեսողությունը

Ճապոնացի բժիշկները կարծում են, որ կոֆեինի օգտագործումը, խթանելով արցունքագեղձերի աշխատանքը, նպաստում է լավ տեսողության պահպանմանը:

Տոկիոյի համալսարանին կից բժշկական դպրոցի մասնագետները 78 կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի, մի խումբն ընդունել է կոֆեինի հաբեր, իսկ մյուս խումբը`   պլացեբո:

Պարզվել է, որ կոֆեին ստացած մարդկանց մոտ նշանակալիորեն ավելացել է արցունքարտադրությունը: Դա նվազեցրել է «չոր աչքի» համախտանիշի զարգացման ռիսկը, որի դեպքում արցունքաթաղանթը չորանում է, չի հասցնում վերականգնվել՝ առաջացնելով աչքերում օտար մարմնի առկայության զգացողություն, քոր, այրոց, չորություն, լուսավախություն և արագ հոգնելիություն:

Տվյալ համախտանիշը գրանցվել է կոֆեին ընդունած կամավորների 13%-ի մոտ, իսկ մյուս խմբում այդ ցուցանիշը կազմել է 17%:

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա կատարելագործել «չոր աչքի» համախտանիշի բուժման մեթոդը:

Հեղինակ`   Մարո Գաբրիելյան
Աղբյուրը`   Առողջապահության լրատու 8-9.2012

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: