Հանրագիտարան

Երևանի Կամերային թատրոն

1982 թ. դեկտեմբերի 15-ին, հաղթահարելով բյուրոկրատական ապարատի աներևակայելի դիմադրությունը (նոմենկլարատուրային ղեկավարություն նշանակման փորձ, մի շարք ներկայացումների արգելք և այլն), բացվեց Երևանի Կամերային թատրոնը։

Այդ ժամանակ այն արդեն ուներ գեղեցիկ շինություն, որի արտասովոր ձևավորումն այսօր էլ զարմացնում և գրավում է հանդիսատեսին, բարձր պրոֆեսիոնալ մակարդակի թատերախումբ՝ որն ի զորու էր լուծել ցանկացած ստեղծագործական խնդիր, հինգ ներկայացումներից բաղկացած խաղացանկ և ամենակարևորը՝ յուրօրինակ սկզբունք, որը հնարավորություն տվեց  Կամերայինին իր ուրույն տեղը զբաղեցնել  քաղաքի թատերական բազմազանության մեջ։ Ավելին, թատրոնն ուներ իր հանդիսատեսը, որը հասցրել էր նրան սիրել դեռևս կայացման տարիներից։ Այդ պատճառով էլ պատահական չէ, որ հենց առաջին ներկայացուներից  դահլիճը լեփ լեցուն էր (ի դեպ, «ավելորդ տոմսի» պրոբլեմը Կամերային թատրոնի համար այսօր էլ մնում է այժմեական)։

Թատրոնի յուրաքանչյուր պրեմիերա դառնում էր իրադարձություն Երևանի մշակութային կյանքում։ Նրան սպասում էին, շտապեցնում և պահանջում։
 
Բնական է, որ Կամերային թատրոնն (և, իհարկե, նաև նրա ղեկավարը) ուներ նաև չկամներ, որոնք իրենց ուժերով և հնարավորություններով ամեն կերպ խանգարում էին կոլեկտիվին (պետական թատրոնների մեջ ամենացածր լրավճար, պետական պատվերով ներկայացումների բացակայություն, պետական աջակցության իսպառ բացակայություն՝ վերակառուցման և ընթացիկ նորոգման, տեխնիկական հագեցվածության գործում և այլն)։
 
Ոչ միայն առաջատար դերասանները, այլև ստեղծողը`   թատրոնի գլխավոր ռեժիսորն ու հիմնադիրը, պարբերաբար ջնջվում էին պարգևատրության կամ կոչման ներկայացված բոլոր ցուցակներից։ Իր ժամանակին արգելվել էին «Համլետ» և «Քաջ Նազար» ներկայացումները (վերջինս հաջողվեց փրկել ի շնորհիվ «Պրավդա» թերթում տպագրված Ն. Ագիշևայի հոդվածի)։
 
1984 թ. մայիսին (բացումից ընդամենը կես տարի անց) կայացավ Կամերային թատրոնի ստեղծագործական հաշվետվությունը Մոսկվայի Յաբլոչկինայի անվան ԴԿՏ մեծ դահլիճում և Երիտասարդական պալատում։ Այդ ելույթները (ներկայացված էր «Պարոնայք…»-ը) լայն արձագանք ունեցան։ Հետևեցին հրավերներ Հունգարիա, Տալլին, Լենինգրադ։
 
1985 թ. Կամերային թատրոնը երկրի այլ վեց երիտասարդական թատրոնների հետ Մոսկվայի Երիտասարդների և ուսանողների 12-րդ Համաշխարհային փառատոնում ներկայացրեց «Պարոնայլք…»-ը և արժանացավ դափնեկրի կոչման։
 
80-ականների երկրորդ կեսին թատրոնի գործունեությունը բուռն էր. նոր բեմադրություններ, հյուրախաղեր Ռիգայում, Լենինգրադում, Կիևում, թատերական փառատոնների մասնակցություն Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Կամերային թատրոնին էր նվիրված Կենտրոնական Հեռուստատեսության «Վզգլյադ» ծրագրի հաղորդումներից մեկը։ Նրա գործունեությունը բազմիցս լուսաբանվել է «Վրեմյա» ծրագրով, հանրապետական, համամիութենական և արտասահմանյան մամուլում։Ա. Երնջակյանը դարձավ ԽՍՀՄ ԹԳՄ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
 
Այս ժամանակաշրջանն իր հետ բերեց նաև բազում խնդիրներ`   ստեղծագործելուն զուգընթաց թատրոնի ղեկավարը և ողջ կոլեկտիվը ստիպված էին մեծ էներգիա և ժամանակ վատնել թատրոնի գործունեության հետ կապված տարրական խնդիրների լուծման համար: Սակայն որևէ խոչընդոտ ի զորու չէր խանգարել Երնջակյանին և նրա թիմին: Նա միշտ ընթանում էր առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ, ետ չնայելով և չկատարելով կանգառներ՝ ինքնահմայման և կատարածի իմաստավորման համար։ Ուշագրավ է, որ այդ բոլոր տարիներին ո՛չ թատրոնը, ո՛չ ինքն անձամբ չեն նշել ոչ մի հոբելյան, համարելով դա ավելորդ շռայլություն և ժամանակի դատարկ վատնում…
 
1988 թ. Ա. Երնջակյանը գրեց և բեմականացրեց «Հայք» ներկայացումը, որը հատուկ տեղ գրավեց թատրոնի խաղացանկում։ Դա ներկայացնում էր փոքրիկ ժողովրդի ողբերգության, նրա ազատության ձեռք բերելու ցանկության, ինքնահաստատման փորձի պայքարի մասին ԽՍՀՄ կայսերական լավ կարգավորված մեքենայի դեմ։ Օկուպացիոն զորքեր, պարեկային ժամ, հասարակ մարդու ցավ և ստորացում ժամանակակից իրականության մեջ. այդ ամենը սուր արտացոլում էր գտել պիեսում։
 
Բնական է, որ ներկայացումն անմիջապես արգելվեց։ Չնայած դրան, այն խաղացվում էր։ Յուրաքանչյուր երեկո Արա Երնջակյանը դուրս էր գալիս բեմ և հանդիսատեսին նախազգուշացնում, որ նրանք դիտում են լոկ փորձ (իրական հավաստացիության նպատակով դերասաններն աշխատում էին փորձնական հանդերձանքով)։ Դահլիճը ծիծաղում էր և լաց լինում։
 
Դժվար  չէ գուշակել, թե ինչ զարգացումներ կարող էին հետևել դրան, եթե իրադարձությունները հանրապետությունում և ԽՍՀՄ-ում ընթանային այլ սցենարով։
 
1989 թ. «Հայք»-ը ներկայացվում էր ամեն օր։ Տոմսերը գնում էին հատուկ ցուցակներով, մեկ ժամվա ընթացքում։ Հետագայում հանրապետության լիդերները խոստովանեցին, որ «Հայք»-ը մեծ դեր խաղաց անկխությանն ուղղված համազգային շարժման համար:
 
1989 թ. աշնանը American New Cultural Association-ը Կամերային թատրոնին հրավիրեց հյուրախաղերի Սան Ֆրանցիսկո, ապա Լոս Անջելես։ Իսկ մինչ այդ թատրոնը դարձել էր “Teatre du Monde” միջազգային թատերական փառատոնի դափնեկիր Նանտում (Ֆրանսիա)։ Հետևեցին հյուրախաղեր Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում (1991)։
 
Սակայն այդ տարիների գլխավոր իրադարձությունը Երնջակյանը համարում էր թատրոնի ընդարձակումը՝ ի հաշիվ ազատված երկրորդ բնակելի հարկի և կողակառույցի, ինչը հնարավորություն տվեց լուծել նոր ստեղծագործական խնդիրներ։ Եվ կրկին, ըստ հաստատված ավանդույթի, շինարարությունն իրականացրեցին իրենք՝ դերասանները, իրենց գեղարվեստական ղեկավարի հետ ու նրա նախագծով։ Նոր տարածքում տեղ գտան պատկերասրահը, կինոդահլիճը, ադմինիստրատիվ աշխատասենյակները, գրիմ»սենյակները։
 
Սկսած 90-ական թվականներից Կամերային թատրոնը սկսեց խաղալ հայերեն լեզվով։ Եվ որպեսզի պահպանվեր արդեն ավանդական դարձած թատերական գործողության ձևը, հարկավոր էին համապատասխան պիեսներ։ Դա նշանակում էր, որ հեղինակին անհրաժեշտ էր ստեղծել ուրիշ խաղացանկ, ինչն էլ Երնջակյանը փայլուն իրականացրեց: Նրա բազում պիեսները միավորում է մի վառ առանձնահատկություն`  դա մի ողջ սերնդի կյանքի յուրատեսակ ժամանակագրությունն է։
 
Սկսած 80-ականներից  մեր քաղաքում, աշխարհում  տեղի ունեցած իրադարձությունները այս կամ այն ձևով իրենց արտացոլումն են գտել թատրոնի ներկայացումներում։ Հեղինակն իր հերոսների օգնությամբ կարծես թե մեկնաբանում է դրանք՝ երբեմն բարի հումորով, երբեմն՝ սարկազմով՝ աբստրակտ գործողությունը դարձնելով նկատելի և ճանաչելի։
 
Նախկինում հնչող կարծիքները, թե օրախնդրականությունը  մնայուն չէ թատրոնի համար, մերժեց ինքը ժամանակը`   Երնջակյանի ներկայացումները չեն կորցնում այժմեականությունը նույնիսկ շատ տարիներ անց։ Պիեսները`   գրված տասնամյակներ առաջ, հետաքրքիր են և այսօրվա հանդիսատեսի համար, ինչի վկայությունն են լեփ լեցուն դահլիճները։
 
Արա Երնջակյանն իր պիեսներն անվանում է հոռետեսական կատակերգություններ։ Առաջին հայացքից ուրախ գործողությունը աստիճանաբար սկսում են հարուցել տագնապ ու ցավ, որպեսզի ավարտին դահլիճը պայթեցնի ուժգին բողոքով՝ ընդդեմ ցանկացած տեսակի անարդարության: Այս պիեսները չեն հւսահատում։ Ընդհակառակը, դրանք լի են կենսահաստատ սկզբունքով։ Այդպիսիք են և՛ «Նազար»«ը, և՛ «Տիտանիկ, made in Armenia»-ն, և՛ «Դժոխային կատակերգություն»-ը, և՛ «Ի զե՛ն»«ը…
 
Նոր ձևերի որոնումների արդյունքում ծնվեց Երնջակյանի բավականին անսովոր կատակերգական «Մահվան սղոց» ներկայացումը։ Դա մտացածին պատմություն է Դևիդ Կոպերֆիլդի Հայաստանում չարաբաստիկ շրջագայության մասին։ Անհավատալի ծիծաղելի պատմություն «հանդիսականներից» մեկի սիրո մասին՝ մեծ հրաշագործի ասիստենտուհու նկատմամբ, որը ծավալվում է հայտնի մոգի բոլորին քաջ հայտնի հրաշագործությունների հենքի վրա։ Ընդ որում, աճպարարությունները լիովին իրական են՝ դահլիճին ստիպելով տարակուսել և հիանալ։
 
Այսօր յուրաքանչյուր երեկո Կամերային թատրոնի լեփ լեցուն հանդիսասրահում տեղի է ունենում հետաքրքիր երկխոսություն «հայրերի և որդիների» միջև, և այդ երկխոսությունը նորովի է բացահայտում թատրոնի հնարավորությունները։ Այստեղ թատրոնի հրաշքն ու առեղծվածն առկա են ոչ միայն բեմում, այլև թատրոնի ողջ տարածքում, ուր հանդիսատեսը առաջին իսկ քայլերից համակվում է տիրոջ զգացումով, սպասումի անհամբերությամբ ու խաղին ակամայից մասնակից դառնալու բերկրանքով։ Հարկ է նշել, որ երաժշտական հենքը և թվացյալ ժլատ բեմական ձևավորումը բոլոր ներկայացումներում այն գեղագիտական մթնոլորտի անբաժան մասն են, որի մեջ ընկղմվում է հանդիսատեսը և որտեղից էլ նա իր հետ տանում է հատուկ լիցք, որն օգնում է ապրել, աշխատել, զգալ, մտածել։
 
Հասցե`    Երևան, Մաշտոցի պող., 58 շենք
Հեռ.`   +374-10-566070 , +374-91-866070 (բջջ.)
Կայք`   www.erkat.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: