Հանրագիտարան

Ֆրեդերիկ Շոպեն

Կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրիդերիկ Շոպենը լեհական դասական երաժշտության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային երաժշտության բարձրագույն նվաճումներից է:

Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանը ասում էր․ «Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների»։

Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Յոհան Սեբաստիան Բախը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Պյոտր ԻլիչՉայկովսկին։
Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։
 
Ֆրեդերիկ Շոպենը  ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝ Յուզեֆ Էլսներին: Շոպենը 1823–26 թթ-ին սովորել է Վարշավայի լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիո, «Մեծ ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական երաժշտության թեմաներով, նաև պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:
 
1829 թ-ին Շոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ «Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին բալլադը»: Ապստամբության պարտության դառը խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական  պարային երաժշտության առանձնահատկությունները:
 
1834–35 թթ-ին նա ճանապարհորդել է Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ-ին կոմպոզիտորը վերջին համերգներով շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում: Առողջության վատթարացման պատճառով նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ: 
Կոմպոզիտորին ողջ Փարիզը հրաժեշտ է տվել Մոցարտի «Ռեքվիեմի» հնչյունների ներքո: Նրան թաղել են Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ ընկերոջ՝ իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի գերեզմանի կողքին, իսկ սիրտը, կտակի համաձայն, զմռսվել է Վարշավայի Սբ Խաչ կոստյոլում (լեհական կաթոլիկ եկեղեցի):
Շոպենն ստեղծել է գերազանցապես դաշնամուրային երկեր՝ մանրանվագներից մինչև մեծակտավ գործեր, որոնք բեկումնային են դաշնամուրային երաժշտության մեջ: Հունգարացի կոմպոզիտոր Ֆ. Լիստը և Շոպենը դաշնամուրային երաժշտությունը դուրս են բերել բարձրաշխարհիկ սրահներից. այն սկսել է կատարվել նաև համերգային դահլիճներում: 
 
Շոպենը գրել է նաև բազմաթիվ վալսեր, պրելյուդներ, էտյուդներ, սոնատներ, նոկտյուռններ, սկերցոներ, վոկալ և այլ գործեր: Որպես դաշնակահար՝ Շոպենն ստեղծել է կատարողական ուրույն ոճ, որին հատուկ են քնարական մեղեդայնությունը, նրբագեղությունը և բարձր վարպետությունը:
1927 թ-ից Վարշավայում անցկացվում է դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային մրցույթ:
Շոպենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Շոպենի անունն է կրում Վարշավայի միջազգային օդանավակայանը:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: