Առողջապահություն

Իմ տեսած Պոտսդամը

Յոհաննես Լեփսիումը հայերի մասին
«Եթե մի ռասա իր բնական հատկանիշերով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է»:
«Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է. դա Յոհաննես Լեփսիուսն է»: Հենրի Մորգենթաու ԱՄՆ պետական գործիչ

 

Պոտսդամն ինձ համար առաջին հերթին կարևոր էր, որպես հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի`   Յոհաննես Լեփսիուսի ծննդավայր: 

 

Մարդ, ով ոչ միայն իր ձայնը բարձրացրեց թուրքական վայրագությունների առիթով, այլև 1921-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ որպես վկա և մերկացրեց երիտթուրք ոճրագործ Թալեաթին:

 

Պոտսդամն ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ հնարավորություն ունեցա լինել Ցեցիլիենհոֆ պալատում, ուր 1945 թվականին կայացած պոտսդամյան կոնֆերանսի շրջանակներում կայացել է քննարկում`   Կարսի և Արդահանի վերադարձման մասին:

 

 ...Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ հանդիպում են ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները`   Մոլոտովը և Իդենը: Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր: Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը: Մոլոտովը նշում է, որ 1921թ. թուրքերն օգտվեցին Խորհրդային պետության թուլությունից և նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը, և հայերն իրենց վիրավորված են զգում: Այդ պատճառով Խորհրդային կառավարությունը պահանջում է օրինականորեն իրեն պատկանող տարածքները վերադարձնել:

 

Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ, որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ: Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները: Ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից`   Արևմտյան տերությունները պաշտպանության տակ առան Թուրքիային, քանի որ հայկական տարածքների հարցը պատրվակ էր դաշնակիցներից որոշ զիջումներ կորզելու համար: Ուստի խորհրդային պատվիրակությունը չպնդեց, որպեսզի այն քննարկման առարկա դառնա:

 

      

 

Այդ առնչությամբ հետաքրքիր է նաև Պոտսդամի խորհրդաժողովին նվիրված Չերչիլի հուշերի այն հատվածը, որը վերաբերում է այդ հարցին. «...Նույն երեկո`   հուլիսի 18-ին, ճաշում էի Ստալինի հետ: Ես շոշափեցի Թուրքիայի և Դարդանելի հարցերը: Բնականաբար, նշեցի, որ թուրքերն անհանգստացած են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թուրքերը ռուսներին առաջարկել են կնքել միություն ստեղծելու պայմանագիր: Ռուսները ի պատասխան`   հայտարարել են, որ պայմանագիր կարելի է կնքել միայն այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը ոչ մի պահանջատիրություն չունի մյուսի նկատմամբ, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը և Արդահանը, որոնք նրանից խլել էին նախորդ պատերազմի վերջում: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը բարձրացրել է Մոնթրեոյի համաձայնագրի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող քննարկել միություն կազմելու պայմանագիրը (Уинстон Черчилль ”Вторая мировая война”, М., 1998,том 6, с. 360):

 

Հենց Պոտսդամում նախկին դաշնակիցների միջև կախվեց երկաթյա վարագույրը, որը ոչ առանց մեծ ջանքերի «բարձրացվեց» Խորհրդային կայսրության փլուզմամբ:

 

Եվ ահա թե ինչպես. հենց նիստերից մեկի ժամանակ Տրումենը ստանում է հետևյալ ծածկագիրը. «Երեխաները բարեհաջող ծնվեցին», որը վերծանվում է այսպես`   ատոմային ռումբը ստեղծված է: Հենց կոնֆերանսի քննարկումների ընթացքում միջուկային զենքի երևան գալը 180 աստիճանով փոխում է իրադրությունը: Նախ`   ԱՄՆ-ը և Անգլիան կորցնում են հետաքրքրությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ`   Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում, անմիջապես վերանում է կախվածությունը Մոսկվայից`   հիմք տալով բացահայտ թշնամանքի և երկաթյա վարագույրի առկայության: 

 

Պոտսդամը Գերմանիայի երկրորդ մայրաքաղաքն է եղել, իսկ մինչ այդ`   պրուսական արքաների որսատեղի: Երբ 1961 թվականին սկսեցին կառուցել բեռլինյան պատը, ամենից շատ տուժեց Պոտսդամը: Պոտսդամում է Բրանդենբուրգյան նշանավոր դարպասը, Սան-Սուսի պալատական ռոկոկո ոճով կառուցված չքնաղ համալիրը`   անգլիական այգիներով շրջապատված:

 

Շրջելով մարմարակերտ հոյակապ սրահներով`   ոսկեզօծ ու նրբազարդ կամարների ուղեկցությամբ մտնելով բյուրեղապակու ու ոսկու փայլով շողարձակող այդ գեղեցիկ պալատները, դժվարանում ես պատկերացնել, որ այս ամենը վերականգնվել է հիմնահատակ ավերակներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին անգլիական օդուժի ռմբակոծության հետևանքով այս պերճաշուք կառույցից միայն ավերակներ մնացին: Վերանորոգումից, ավելի շուտ`   վերականգնումից հետո այն լիովին համապատասխանում է իր անվանը`   ֆրանսերենից Սան-Սուսին թարգմանվում է`   առանց հոգսի: Հասկանալի է`   արքայական պալատները ժամանակին ըստ ամենայնի նպաստել են իրենց բնակիչների անհոգ կյանք վարելուն:

 

 

 


Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: