Հանրագիտարան

Համազգային պետական թատրոն

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք:

Համազգային թատրոնի նպատակներն են՝

  • Հավատարիմ մնալ հայերեն լեզվամտածողությանն ու տարածել անաղարտ հայոց լեզուն և հայկական թեմաները:
  • Հասարակության մեջ նպաստել ներդաշնակության կայացմանը:
  • Հասարակության զարգացման խթան հանդիսանալ:
  • Համագործակցել միջազգային և տեղական թատերական գործիչների և կազմակերպությունների հետ:
  • Կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին:
  • Ունենալ հավասարակշռված խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին:
Ունենալով ակտիվ գործունեություն և ձեռք բերելով մեծ հեղինակություն 2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն:
 
2000 թվականին թատրոնում կատարվեց սերնդափոխություն, որը թատրոնին տվեց նոր շունչ: Սերնդափոխությանը նպաստեց նաև թատրոնի աշխարհագրական դիրքը՝ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի շենքում գտնվելու հանգամանը: Մեծ և հայտնի դերասաններին փոխարինեցին տաղանդավոր երիտասարդների մի խումբ, ովքեր այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլոք:
 
Թատրոնի ստեղծագործական կազմին յուրահատուկ որակ են բերում ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ – նկարիչ Դավիթ Մինասյանը:
 
2009 թվականից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը, ով նոր ընթացք է հաղորդել Համազգային թատրոնի գործունեությանը:
 
Համազգային թատրոնը պարբերաբար հյուրախաղերով հանդես է գալիս Արցախում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում և այլուր:
 
Համազգային թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական թատերական կյանքում: Այն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այսօր Հայաստանի ամենահեղինակավոր թատերական գործիչն է, թատրոնը նաև ունի ամենաուժեղ երիտասարդական դերասանական կազմը, ունի մեծ և բազմաժանր խաղացանկ, օրեցօր մեծանում է թատրոնին համակրողների թիվը:
 
Հասցե: Երեւան 0002, Ամիրյան 26, ՀՀ
Հեռ: (+ 374 10) 50-10-60, (+ 374 10) 53-94-15 
Կայք: www.sostheatre.am 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: