Հանրագիտարան

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941թ.ի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, սակայն պաշտոնապես վարագույրը բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով:

1962 թվականից թատրոնն անվանակոչվում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով: Թատրոնի հիմնադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի վարչության պետ Զավեն Ղեվոնդի Վարդանյանը, գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվել են Շարա Տալյանի վրա, երաժշտական ղեկավար է դառնում Արտեմի Այվազյանը, գլխավոր դիրիժորի դժվարին գործը ստանձնում է Արամ Տեր-Հովհաննիսյանը, փորձառու արվեստագետ Թադեւոս Սարյանը նշանակվում է գլխավոր ռեժիսոր:

Երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական հաջողություններն ու ձեռքբերումները վավերացվել են Երևանում, Հայաստանի քաղաքներում ու մարզերում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրաքում, Իրանում, Անգլիայում, ԱՄՆ-ում կայացած թատերական միջազգային փառատոներում:
 
1945թ նոյեմբերի 23-30-ի ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Լեբլեբիջի››, ( ‹‹Կարինե››), ‹‹Սիլվա›› ներկայացումներով թատրոնն առաջին անգամ մասնակցել է Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 25-ամյակին նվիրված թատերական արվեստի հանրապետական ստուգատեսին և շահել երկրորդ մրցանակ:
 
1947թ հունվարի 10-16-ին թատրոնը ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Մարիցա››, ‹‹Երջանիկ օր››, ‹‹Կարինե››, ‹‹Աշուղ Մուրադ›› և ‹‹Ռոզ Մարի›› օպերետներով մասնակցել է Հայաստանի Թատերական Ընկերության կողմից հայտարարված ‹‹Թատերական շաբաթ›› ստուգատեսին և իրավունք է ստացել մասնակցել Մոսկվայում կայանալիք համամիութենական ստուգատեսին:
 
1950թ մայիսի 4-10 ‹‹Անհանգիստ երջանկություն››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Աղբյուրի մոտ››, ‹‹Մորգանի խնամին››, ‹‹Կրկեսի իշխանուհին›› ներկայացումներով մասնակցել է երաժշտական թատրոնների համամիութենական ստուգատեսին, պարգևատրվել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության և Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրերով:
 
1957թ նոյեմբերին Ե. Չարենցի ‹‹Կապկազ թամաշա›› ներկայացումով մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 30-րդ տարեդարձին նվիրված համամիութենական թատերական փառատոնին և ստացել 2-րդ կարգի դիպլոմ:
 
1967թ նոյեմբերին Ժ. Հարությունյանի ‹‹Գլխի գինն է հիսուն միլիոն›› հերոսական կատակերգությունով մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 47-րդ տարեդարձին նվիրված թատերական արվեստի փառատոնին, ուր ներկայացմանը և Ղազարի դերակատար վաստակավոր արտիստ Ալեքսանդր Հովհաննիսյանին շնորհվել է երկրորդ կարգի դիպլոմ:
 
1989թ կայացած թատերական ստուգատեսին մասնակցած Բ. Բրեխտի ‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր›› պիեսի բեմադրությունն արժանացել է հատուկ մրցանակի և դրամական պարգևի:
 
Թատրոնի հաջողությունների մասին են վկայում նաև ‹‹լավագույն կին դերակատար›› և ‹‹լավագույն տղամարդ դերակատար›› անվանակարգերի համար Ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի, Վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանի և Բորիս Պեպանյանի`   Իրանում և Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոններում շահած հեղինակավոր մրցանակները, դերասան Վարուժան Մանուկյանի ստացած Թատերական Գործիչների Միության ‹‹Արտավազդ›› մրցանակը, երիտասարդ դերասան Լևոն Հովհաննիսյանին տրված լավագույն ‹‹Երիտասարդ դերակատար›› դիպլոմը:
 
2007թ`   Սաթենիկ Հախնազարյանին շնորհվեց Հայաստանի Թատերական Գործիչների Միության ամենամյա ‹‹Արտավազդ›› մրցանակ:
 
2008թ դեկտեմբերին Լոս-Անջելեսում կայացած փառատոնի սահմանած ‹‹Ծիծաղի թագուհի›› տիտղոսը տրվեց ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին: 
 
1998թ սեպտեմբերին Վրաստանի հանրապետության Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ միջազգային թատերական փառատոն ‹‹Ոսկե դիմակ›› խորագրով, որին մասնակցել են աշխարհի 12 երկրների 14 թատրոններ, այդ թվում Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից ժամանած թատրոններ:
Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Հ. Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնը ‹‹Լիսիստրատե›› ներկայացումով: 
Միջազգային փառատոնի հանձնախմբի որոշմամբ ‹‹Ոսկե դիմակի›› ‹‹Դասական երկի լավագույն մեկնաբանման համար›› շահեկան մրցանակներից մեկը շնորհվել է ‹‹Լիսիստրատե›› ներկայացմանը:
 
2009թ փետրվարին կայացած ‹‹2008-X›› թատերական փառատոնում Մոլիերի ‹‹Չամուսնանաք, պարոնայք, եթե կարող եք›› ներկայացումը թատրոնին բերեց նոր դիպլոմ, վկայագիր և հուշանվեր: 
 
2009թ փետրվարին կայացած ‹‹Արտավազդ-2009›› փառատոնի ‹‹Լավագույն ներկայացում›› մրցանակը տրվեց բեմադրության ռեժիսոր Երվանդ Ղազանչյանին:
 
Հասցե`  Վազգեն Սարգսյան 7
Հեռ.(+374 10) 58-01-01
Էլ.փոստ`   [email protected]
Կայք `  www.comedytheater.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: