Հանրագիտարան

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը:

Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին, և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և Երևանում անց են կացվում բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ։

 

Վթարներն ու դժբախտ դեպքերը կենցաղում հարկ է դիտարկել մշակութային, սոցիալական ու տնտեսական գործոնների տեսակետից: Չնայած դրան`   տանը վթարներն ու դժբախտ դեպքերը նույնպես չեն բացառվում, որոնք նախկինի համեմատ դարձել են ավելի հաճախակի ու վտանգավոր: Անվտանգության միջոցներ չձեռնարկելու դեպքում կենցաղային տեխնիկան պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկային կյանքի համար: Տանը տեղի ունեցած վթարների ու դժբախտ դեպքերի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահանում: 
 
Կենցաղում անվտանգության հարցերով զբաղվող մասնագետները պնդում են, որ այդպիսի վթարների ու դժբախտ դեպքերի կանխարգելումը լուրջ խնդիր է: Վիճակագրության համաձայն`   դրանք կազմում են բնակչության շրջանում տեղի ունեցած դժբախտ պատահարների 50 տոկոսից ավելին: Արտակարգ իրավիճակների ծառայություններն ամեն ինչ անում են, որ բնակիչները որքան հնարավոր է շատ տեղեկացված լինեն տանն իրենց սպառնացող վտանգների մասին, ինչպես նաև կանխարգելել նման վթարները կամ վերացնել դրանց հետևանքները:
 
Բնակչության ուսուցումը, կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տան անվտանգ միջավայրը թույլ կտան խուսափել տանը տեղի ունեցող վթարներից ու դժբախտ դեպքերից: Չպետք է մոռանալ այն կարևոր դերի մասին, որ կատարում են զանգվածային լրատվամիջոցները կենցաղային վթարների ու դժբախտ դեպքերի կանխարգելման խնդիրների հանդեպ ուշադրություն գրավելու գործում: Նրանց կոչը պետք է լսելի լինի յուրաքանչյուր երկրի անգամ ամենախուլ ու հեռավոր անկյուններում: Չնայած միշտ էլ գտնվում են այնպիսի հեռավոր վայրեր, որտեղ տեղեկատվություն չի հասնում: 
 
Սա հաշվի առնելով`   ՔՊՄԿ-ն կոչ է անում արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության տեղեկատվություն տարածող ծառայություններին ակտիվացնել իրենց ջանքերն այդ ոլորտում և գտնել զանազան նոր ճանապարհներ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի բոլոր տներում`   անկախ դրանց գտնվելու վայրից: Պետք է իրականացնել ոչ միայն վթարների հետևանքները վերացնելուն, այլև դրանց կանխարգելման ու պատրաստվածության ապահովմանն ուղղված ծրագրեր: 
 
Անհրաժեշտ է հասարակության բոլոր անդամներին առանց բացառության սովորեցնել`   ինչպես կանխել վթարները և ինչպես վարվել վթարի դեպքում: Այսպիսով, գլխավորը կանխարգելումն է ու պատրաստվածության ապահովումը, իսկ հետո արդեն պաշտպանությունը, եթե վթարն այնուամենայնիվ տեղի է ունեցել:
 
Աղբյուրը`   news.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: