Առողջապահություն

Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։ Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե Ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։
Չոր մաշկի վիճակը կբարելավեն տաքացրած բուսական յուղով դիմակները։ Վիրակապը 3-4 շերտով ծալել, թաթախել գոլ բուսական յուղի մեջ և դնել դեմքին`   բաց թողնելով միայն քթի և կոպերի հատվածները։
 
Այնուհետև դեմքը ծածկել չոր շորով կամ սրբիչով, դիմակը պահել 15 րոպե ու հանել, որից հետո դեմքը սրբել խոնավ թղթե անձեռոցիկով կամ սրբիչով կամ պարզապես չոր բամբակով։ Առաջին հինգ օրերին խորհուրդ է տրվում դիմակը դնել ամեն օր, այնուհետև շաբաթական երկու անգամ։
 
Երկու շաբաթ անց դեմքի վիճակը զգալիորեն կբարելավվի, և առավոտյան կարող եք լվացվել սառը ջրով (միայն թե առանց օճառի)։ Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։
 
ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ
 
Խմորիչով դիմակ
 
Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին`   պահելով 15 րոպե։
 
Մասուրի պտուղներով դիմակ
 
3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։
 
Մեղրակիտրոնային դիմակ
 
1 կիտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի15-20 անգամ օգտագործումից հետո։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: