Հանրագիտարան

Բևեռային արջի միջազգային օր

Փետրվարի 27-ին նշվում է Բևեռային արջի միջազգային օրը: Բևեռային արջի (Ursus maritimus) էվոլյուցիան սկսվել է մոտ 5 միլիոն տարի առաջ: Այս կենդանատեսակն ընտելացել է սառույցների մեջ ապրելուն:

Բևեռային արջի միջազգային օրվա անցկացման նպատակն է բևեռային արջի մասին տեղեկատվության տարածումն ու այս կենդանատեսակը պահպանելու կոչեր անելը: Գիտնականների մոտավոր հաշվարկներով այսօր աշխարհում կա 20-25 հազար բևեռային արջ:

 
Մասնագետներն ահազանգում են, որ Արկտիկայի սառույցների հալումը տեղի է ունենում գլոբալ տաքացման հետևանքով և հնարավոր է 2050թ.-ին բևեռային արջերի երկու երրորդի ոչնչացման պատճառ դառնալ:
 
Բևեռային արջ
 
Սպիտակ արջը կամ Բևեռային արջը ներկայումս հյուսիսային կիսագնդի բևեռային շրջաններում տարածված արջի տեսակ է։ Սպիտակ արջը հաճախ համարվում է ծովային կաթնասուն, քանի որ տարվա շատ ամիսներ անց է կացնում ծովում։
 
Սպիտակ արջը գերադասում է սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը, որոնք անվանվում են նաև «արկտիկական կյանքի շրջան»։ Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։
 
Չնայած նրան, որ սպիտակ արջերը ծանրամարմին կենդանիներ են, նրանք ցամաքի վրա բավականին արագաշարժ և ճարպիկ են, իսկ ջրում հանգիստ լողում և սուզվում են։ Սպիտակ արջն աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է։ Սպիտակ արջը կշռում է 350-680 կգ։
 
Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։ Կաշին սև է, իսկ մորթու գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։ Ոտքերի ներբանները բրդոտ են, որպեսզի չսահեն սառցի վրա և չսառեն։
 
Մատների միջև կա լողաթաղանթ։ Մագիլները խոշոր են և կարող են բռնած պահել նույնիսկ ամենաուժեղ զոհին։ Շատ խիտ բուրդն արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։ Հարմարվելու համար կարևոր դեր է խաղում նաև ենթամաշկային ճարպի հաստ շերտը, որն ունենում է մինչև 10 սմ հաստություն։
 
Սպիտակ գունավորումը նպաստում է կենդանու աննկատ մնալուն։ Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը: Արջն իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: