Առողջապահություն

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիայից

Այս տկարությունն սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակ է, որն առաջանում է ծաղկող ծառերի ու խոտաբույսերի ծաղկափոշուց:
Բնորոշ ախտանշաններն են՝ հարբուխ, հաճախակի փռշտոց, կոպերի այտուց, արցունքահոսություն: Որոշ մարդկանց մոտ, բացի դասական ձևից, կրծքավանդակին, թիկունքին, նստամկաններին, ազդրերին վառ վարդագույն ցան է լինում, որը սարսափելի քոր է գալիս:
 
Պոլինոզի ամենավատ դրսևորումը սեզոնային բրոնխային ասթման է: Հիվանդության առաջին նախակարապետը շնչահեղձությունն է, սուլոցով շնչառությունը: Շատ հաճախ պոլինոզով առաջին անգամ հիվանդանում են մանկական տարիներին, հատկապես, եթե երեխան ծնողներից ժառանգել է ալերգիայի հանդեպ հակվածությունը:
 
Տհաճություններն սկսվում են սննդային ալերգիկ ռեակցիաներից, իսկ տարիների հետ փոքրիկ ալերգիկներն սկսում են արձագանքել նաև ծաղկափոշուն: Ամենաալերգիկը համարվում են կաղնին, կեչին, բարդին, սոճին, ուռենին, շագանակենին, ծփին, լորենին:
 
Նրանց միկրոսկոպիկ չափերի ծաղկափոշու հատիկների մակերեսը անհարթ է, ակոսավոր, այդ պատճառով էլ դրանք շատ ամուր են «նստում» քիթ-ըմպան հատվածում և թոքերում: Առավել խոշոր են եղևնու, մայրու, բրգաձև սոճու ծաղկափոշու հատիկները, որոնք առավել հազվադեպ են ալերգիա հրահրում:  
 
Հունիս-հուլիս ամիսներին դրանց են միանում են հացահատիկները`   վարսակը, տարեկանը, ցորենը, ինչպես նաև խոտաբույսերը`   եղինջը, խատուտիկը, օշինդրը և այլն, որոնք շարունակում են ալերգիկների կյանքը թունավորել մինչև սեպտեմբերի վերջ: 
 
Ինչպես որոշել
 
Ալերգենների հայտնաբերման համար տարբեր մեթոդներ կան, օրինակ՝ մաշկի համար թեստեր`   նախաբազկի հատվածում փոքրիկ քերծվածք են անում և կաթեցնում են տարբեր ալերգենների կաթիլներ, 20 րոպե անց բժիշկը զննում է:
 
Եթե մաշկի այդ հատվածը ուռել է, ուրեմն ալերգենի հանդեպ ռեակցիան դրական է:  Բայց ծաղկելու ժամանակաշրջանում մաշկի վրա փորձեր կատարել չի կարելի, դա կարող է սրել ալերգիկ ռեակցիան, այդ պատճառով էլ նման թեստերն անցկացնում են միայն նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: 
 
Մյուս ամիսներին «մեղավորին» փնտրելու համար պետք է երակից արյուն հանձնել հետազոտությունների համար: Այն հնարավորություն կտա հայտնաբերել պաշտպանական սպիտակուցների`   E դասի իմունագլոբուլինների խտությունը, որոնք ձևավորվում են ի պատասխան այս կամ այն ալերգենի ազդեցության:
 
Ինչպես բուժել
 
Սեզոնային ալերգիկ ռինիտի կանխարգելման և բուժման ամենաարդյունավետ մեթոդն առանձնահատուկ իմունաթերապիան է: Պոլինոզի դեպքում դրա արդյունավետությունն առավելագույնն է. հիվանդների 80-90%-ի մոտ հաջողվում է կամ կտրուկ նվազեցնել ալերգիայի դրսևորումները, կամ մի քանի տարի ընդհանրապես բացառել սրացումները:
 
Մեթոդի էությունն իմունային համակարգի «մարզումն» է: Սկզբից «ալերգեն-սադրիչը» (նույնանման արհեստականը) փոքրագույն չափաքանակներով է ներարկվում, իսկ հետո չափաքանակն աստիճանաբար ավելացվում է:
 
Դա կատարվում է կամ ներարկումով, կամ բերանի / քթի մեջ կաթիլներ կաթեցնելով: Բուժման կուրսը 1-2 ամիս է, բուժումն սկսում են ծաղկման ժամանակաշրջանը սկսվելուց 3-4 ամիս առաջ: Նման կանխարգելիչ բուժգործողությունը պետք է կրկնել 3-5 տարվա ընթացքում: 
 
Ի դեպ
 
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պոլինոզը հաճախ դրսևորվում է լատեքսի հանդեպ ալերգիայի հետ: Ծառերի և խոտաբույսերի ծաղկելու ժամանակ հարկ է հազվադեպ օգտագործել ռետինե ձեռնոցներ, ռետինե լողի գլխարկներ, լայկրա տեսակի զուգագուլպաներ, իսկ փոքրիկ երեխաներին որքան հնարավոր է քիչ տալ ծծակը:                 
 
Աղբյուր`   Առողջապահության լրատու 2012
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: