Առողջապահություն

Մի´ վնասիր...

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա գերբնականությունը:

 

Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը, նա կարևորել է ապրելավայրի ու շրջակա միջավայրի (հատկապես`   կլիմայի) նշանակությունը հիվանդությունների ծագման գործում, իսկ մարդու մարմնակազմվածքի և խառնվածքի մասին ուսմունքով հիմնավորել է հիվանդի ախտորոշման ու բուժման անհատական մոտեցումը: 

 

Հիպոկրատն անկողնու մոտ հիվանդի զննումը վերափոխել է բժշկական հետազոտման եղանակի: Առաջ է քաշել բուժման մի շարք սկզբունքներ`   բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը, օգուտ տալ և չվնասել, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին: Մշակել է բժշկի երդման տեքստը: Հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ. կոտրվածքների և հոդախախտերի ժամանակ կիրառել է ձգման եղանակը, օգտագործել շինա, հատուկ սարքեր: Պահպանվել են Հիպոկրատի անվան հետ կապված շատ արտահայտություններ, որոնք թևավոր խոսք են դարձել, օրինակ`   Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ և այլն: Հիպոկրատի երդումն ընդունում են աշխարհի բոլոր բժիշկներն իրենց գործունեությունն սկսելուց առաջ:

 

Հիպոկրատի աշխատությունները նպաստել են միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը: Նրա աշխատություններից օգտվել և մեջբերումներ են կատարել Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ:

 

Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի:

 

Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը`   երկար, հարմար պահը`   կարճատև, փորձը`   խաբուսիկ, եզրահանգումը`   դժվար: Դրա համար ոչ միայն ինքը`   բժիշկը, պետք է օգտագործի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այլև հիվանդը, նրան շրջապատողները, և ողջ արտաքին իրավիճակը պիտի նպաստի բժշկին`   իր գործունեության մեջ:

 

Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև: 

 

Բժիշկը պետք է պահի ձեռքերը`   մաքուր, իսկ խիղճը`   անբիծ:

 

Բժշկությունը, իրավամբ, ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից:

 

Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր:

 

Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի:

 

Հակադիրը բժշկում է հակադրությունը:

 

Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը:

 

Սերը դեպի բժշկման արվեստը`   դա հենց սերն է մարդկության հանդեպ:

 

Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ`   հիվանդ պահերին:

 

Հիպոկրատ

 

Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե ա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:

Վ.Վ. Վերեսարև

 

 Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

Բ.Է. Վոտչա

 

Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ:

Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)

 

Հետազոտելով հիվանդին`   հիշի´ր, որ այդ ընթացքում հիվանդն էլ հետազոտում է քեզ:

Մ.Յա. Մուդրով

 

Բժի´շկ, բուժի´ր ոչ թե հիվանդությունը, այլ`   հիվանդին:

Անհայտ հեղինակ

 

Բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու կյանքը:

Վ.Յ. Դալինևսկի

 

Ով լավ ախտորոշում է, նա լավ բուժում է:

Անհայտ հեղինակ

 

Բարեխիղճ բժիշկը`   մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունը, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առանձնահատկությունները:

Մարկ Տուլիում

 

 Մարդն իրավունք չունի լինելու վատ բժիշկ, չէ՞ որ բժշկին է վստահվում ամենաթանկը`   կյանքն ու առողջությունը:

Մաքսիմ Կոնչալովսկի

 

Բժշկի աշխատանքը, իրավամբ, ամենաարտադրողն է. կանխարգելելով կամ վերադարձնելով առողջությունը, բժիշկը վերականգնում է հասարակության բոլոր այն ուժերը, որոնք կկորսվեին առանց նրա հոգածության:

Մաքսիմ Կոնչալովսկի

 

Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ`   ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից:

Վոլտեր

 

Ոչինչ նախապես հնարավոր չէ իմանալ: Մահացու հիվանդ մարդը կարող է կրել առողջի մահը: Կյանքը շատ արտասովոր բան է… Միշտ էլ դժվար է հավատալ`   արտաքին տեսքից անվնաս թվացող հիվանդությունը կարող է լինել վտանգավոր: Բժիշկը միշտ պիտի հուսա, այդպիսին է նրա մասնագիտությունը:

Է.Մ. Ռեմարկ

 

Բժիշկ և մանկավարժ. երկու զբաղմունք, որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է:

Ն.Մ. Ամոսով

 

 Սովորել`   դառնալու բժիշկ. կոչվում է սովորել`   լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է:

Ա.Ֆ. Բիլիբին

 

Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է`   հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից:

Բ.Գ. Պետրովսկի

 

Բժիշկները հաճախ մոռանում են, որ պետք է հատուկ նշանակություն տալ ուղեղի ենթագիտակցական համակարգին, ասել կուզե`   երկրորդային ազդանշանային համակարգով ազդող խոսքային թերապիային:

Ա.Գ. Իվանով-Սմոլենսկի

 

Իհարկե`   պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չմոլորեցնել բժշկի թանկարժեք որակը`   սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը`   բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն:

Ա.Ֆ. Բիլիբին

 

Հիվանդի հանդեպ բժշկի վերաբերմունքում արգելվում է հակակրանքը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, մոռացկոտությունը:

Ա.Վ. Գուլյաև

 

Մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:

Վ.Յ. Դանիլևսկի

 

 Լավ բժիշկը միշտ հետազոտող է:

Վ.Ա. Մանասեին

 

Վատն է այն բժիշկը, որին այցելելուց հետո հիվանդը շարունակում է վատ զգալ:

Գ.Ա. Զախարին

 

Բժշկին անթույլատրելի է արտահայտելու իր տարակուսանքները հիվանդության բարեհաջող ելքի մասին: Նա պետք է խնայի հիվանդին և շրջապատողներին, որոնցից երբեմն ստիպված ես թաքցնել իսկությունը`   ի շահ հիվանդի:

Ս.Պ. Բոտկին

 

Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին:

Ն.Ի. Պիրոգով

 

Պետք չէ լինել միջակ բժիշկ: Ավելի լավ է չլինել բժիշկ, քան լինել վատ բժիշկ:

Մ.Յ. Մուդրով

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: