Հանրագիտարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց Ե.Չարենցի տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:

Այսօր թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է (հուշատուն) մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:
 
Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ`   անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:
 
Թանգարանը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի  օրեր, փառատոներ և այլն: Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է:
 
Հասցե`   Երևան. 0002 Մաշտոցի պողոտա 17
Հեռ.`    53 55 94, 53 14 12.
Էլ. հասցե`    charents.museum@gmail. com
Էլ. կայք`   www.charents.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: