Հանրագիտարան

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Բացվել է այցելուների համար 1921թ. օգոստոսի 20-ին:

Հայաստանի պատմության պետական թանգարանը

  • կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության  թանգարան (2003թ.)
  • կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)
  • 1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն թանգարաններ. 
  • 1. գեղարվեստական բաժնի հիման վրա /ղեկավար Ռ. Դրամբյան/ կազմակերպվեց ՀՍԽՀ Կերպարվեստի թանգարանը /այժմյան`   Ազգային Պատկերասրահը/, - հանձնվեց 1660 առարկա
  • 2. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀՍԽՀ Գրական թանգարանը /այժմյան`   Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը/, - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր:
  • 1978թ. ստեղծված Ազգագրության պետական թանգարանին հանձնվեց 1478 առարկա և 584 լուսանկար:
  • ֆինանսավորվում է 100% պետության կողմից, որը հավաքածուների և շենքի սեփականատերն է
  • պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)
  • համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով
  • ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը
  • ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը
  • տերն է Ք.ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  • տերն է Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  • տերն է Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.
  • տերն է փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ Ք.ա. XV-XIVդդ.
  • ունի հայկական դրամների հարուստ հավաքածու՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  • ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  • իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  • հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ
Հասցե`   Հանրապետության Հրապարակ 4, Հայաստան, Երևան
Հեռ.`   (0037410) 52 06 91, 58 27 61
Ֆաքս`   ( 0037410) 565322
Էլ. կայք`   www.historymuseum.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: