Հանրագիտարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Սկզբնական շրջանում այն գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:

Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:

Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:

Հասցե`   Երևան, Արամի 1
Հեռ.՝ 56-36-41
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: