Հանրագիտարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին`   նկարչի կենդանության օրոք, ԽՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ: Թանգարանի շենքը բաղկացած է տնից, որտեղ Մարտիրոս Սարյանն ապրել է 1932-1972թթ. և եռահարկ պատկերասրահից`   կառուցված 1967թ.:

Թանգարանի հավաքածուի հիմքը կազմում է Վարպետի կողմից նվիրաբերված 50 ստեղծագործություն`   30 գեղանկար և 20 գրաֆիկական աշխատանք: Այսօր ֆոնդերում պահվում է շուրջ 250 թանգարանային միավոր:

Թանգարանը գեղարվեստական է, իսկ հավաքածուն`   իր բնույթով եզակի, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալու Մ. Սարյանի ստեղծագործության բոլոր շրջաններին`   սկսած իր առաջին գծանկարներից մինչև վերջին գեղանկարն ու ֆլոմաստերով արված աշխատանքների շարքը:
 
Մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկում`   ժամանակագրական կարգով: Այցելության համար բաց է նաև նկարչի արվեստանոցը, ուր նա աշխատել է 40 տարի: Արվեստանոցում այցելուների համար ցուցադրվում են «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմից հատված, որտեղ նկարիչն ապակու վրա նկարում է ծաղիկներ:
 
Թանգարանում տարվում է Մ. Սարյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրմանն ուղղված գիտական աշխատանք, տպագրվում կատալոգներ, գրքեր, ալբոմներ: Կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, կամերային և վոկալ երաժշտության համերգներ: Թանգարանն իրականացնում է նաև տարբեր կրթական ծրագրեր դպրոցականների և ուսանողների հետ:
Թանգարանում անցկացվում է էքսկուրսիա հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լիտվերեն լեզուներով:
 
 Իր բացման օրից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանի ամենաշատ այցելու ունեցող թանգարաններից է, իսկ նկարչի արվեստն էլ արդեն շուրջ մեկ դար դարձել է Հայաստանի այցեքարտը և հիմնական խորհրդանիշներից մեկը:
 
Հասցե`   Սարյան փ. 3, 0002, Երևան, ՀՀ
Հեռ.`   (+374 10) 58-17-62
Ֆաքս`   (+374 10) 52-16-07
Էլ. փոստ`   [email protected]
Էլ. կայք`    www.saryan.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: